Դուք դատապարտո՞ւմ եք Իլհամ Ալիևի կողմից բոլոր հայերին «շներ» անվանելը․ Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

2025 թվականի հունիսի 3-ին Վիեննայում տեղի ունեցող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսում կրկին ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ վեր հանելով ադրբեջանցի պատվիրակների ստերն ու մանիպուլյացիաները:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստի հայերեն թարգմանությունը՝ ստորև:

«Շնորհակալություն, տիկին վարող,

Երեկվանից մենք քննարկում ենք Ադրբեջանում Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից խրախուսվող հայատյացությունը։ Այդ համատեքստում Ադրբեջանի որոշ ներկայացուցիչներ կեղծ հայտարարություններ են արել, որոնք շատ հեշտ է ստուգել։ Օրինակ՝ ադրբեջանական պատվիրակության հարգարժան ներկայացուցիչները, որոնց հնչեցրած թվերը տասն անգամ տարբերվում են Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունից, կամ այն ներկայացուցիչները, որոնք Հայաստանը անվանել են «մոնոէթնիկ» երկիր, մինչդեռ Հայաստանում 4 ամենամեծ ազգային փոքրամասնությունները (քրդերը, ռուսները, եզդիները և ասորիները) օգտվում են հատուկ քվոտաներից՝ խորհրդարանում պատգամավորի պաշտոնում ընտրվելու համար։

Ադրբեջանցի հարգարժան գործընկերները փորձում են հերքել այն փաստը, որ Իլհամ Ալիևը բոլոր հայերին «շներ» է անվանել, մինչդեռ նա հստակ դա ասել է 2020 թվականի հոկտեմբերի 4-ի իր համազգային ուղերձում, իսկ ձայնագրությունը հասանելի է պաշտոնական կայքում։

Ես ուղղակի կխնդրեի Ադրբեջանը ներկայացնող բոլոր ելույթ ունեցողներին պատասխանել մի պարզ հարցի. դուք դատապարտո՞ւմ եք Իլհամ Ալիևի կողմից բոլոր հայերին «շներ» անվանելը։ … Ձեզ առհասարակ թույլ տրվո՞ւմ է քննադատել ձեր իշխանություններին:

Իլհամ Ալիևը ԵԱՀԿ անդամ երկրի միակ ներկայիս ղեկավարն է, որը էթնիկ զտումներ է կազմակերպել և իր երկրում կոնկրետ էթնիկ խմբի ներկայացուցիչների թիվը վեցանիշ թվից հասցրել զրոյի։

Շնորհակալություն»։

Առնչվող