- 14 Հոկտեմբերի, 2025
- Հաղորդագրություններ
Հոկտեմբերի 13-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Մարդկային չափողականության կոնֆերանսի լիագումար նիստի ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ իրավաբան, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից պետականորեն խրախուսվող այլատյացության մասին։ Ավագիմյանն ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը «ծաղրի է վերածել մարդկային արժանապատվության և հավասարության գաղափարները»՝ սերմանելով հայատյացություն սկսած կրթական հաստատություններից մինչև պետականորեն վերահսկվող լրատվամիջոցներով։
Նա խոսել է նաև կրոնական անհանդուրժողականության մասին՝ նշելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը՝ հայկական եկեղեցիներ, խաչքարերն ու հուշարձանները՝ պարզապես այն պատճառով, որ հայկական պատմությունը չի համապատասխանում կրոնապես համասեռ երկրի պատմությանը։
Ռուզաննա Ավագիմյանի ելույթի տեքստը հայերեն թարգմանությամբ՝ ստորև:
«Ռուզաննա Ավագիմյան, Հայաստան
Տիկի՛ն մոդերատոր, հարգելի՛ պատվիրակներ,
Այստեղ ենք հավաքվել՝ քննարկելու մարդկային արժանապատվությունը հարգելու և հավասարության սկզբունքները, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը ծաղրի է վերածել հենց այս գաղափարները։ Ծավալված պատերազմը պարզապես տարածքի համար չէ. այն պետության կողմից հովանավորվող ատելության խոսքի և թշնամանքի գաղափարական արշավ է, որը դպրոցական դասարանից մինչև պետականորեն վերահսկվող լրատվամիջոցներ արմատացած է հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության խորը պաթոլոգիայի մեջ։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար օգտագործում է ցեղասպանական բառապաշար՝ ստեղծելով թունավոր մթնոլորտ, որտեղ խտրականությունն ու բռնությունը ոչ միայն թույլատրելի են, այլ նաև խրախուսելի։
Բաքվի «Ռազմավարի պուրակ» անունով հայտնի ցուցադրությունը, որտեղ հանրային տեսարանի համար ցուցադրվում են զոհված հայ զինվորների մանեկեններն ու մոմե արձանները՝ զոհվածների սաղավարտներով հանդերձ, թերևս այս համակարգային այլատյացության լավագույն դրսևորումն է և ծաղր՝ մահացածների հիշատակի նկատմամբ։ Հուշարձանը նվիրված է մարդու նվաստացմանը և ազգային ատելության փառաբանմանը։ Արհամարհանքի այս հրապարակային հավաստագրման նպատակը մի ամբողջ ժողովրդի մարդկային ընկալումից զրկելն է և լեգիտիմացնում է նրանց ոչնչացումը հանցավորի աչքերում։
Այս ամենը նաև կրում է հստակ կրոնական վեկտոր. աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկին թիրախավորելը հաճախ դառնում է քաղաքակրթությունների բախում ներկայացնելու միջոց։
Կրոնական անհանդուրժողականությունն այժմ դրսևորվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացմամբ։ Հազարամյակների պատմություն ունեցող հայկական եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի ու ոչնչացման՝ պարզապես այն պատճառով, որ մեր պատմությունը չի համապատասխանում կրոնապես համասեռ երկրի պատմությանը։
Մենք պետք է դուրս գանք զինված հակամարտության շրջանակներում քննարկումներից և դիմակայենք այս ամենի հիմքում գտնվող թույնին՝ հակահայկական ռասիզմի և այլատյացության համակարգային, պետության կողմից հովանավորվող գաղափարախոսությանը, որը սնուցում է այն։ Ատելության խոսքն ու խտրականությունը հիմքն են, որի վրա կառուցվել են ագրեսիան և պատերազմը։
Միջազգային հանրությունը պետք է դիմակայի ատելությունը զենքի վերածելուն, այլատյացության, կրոնական անհանդուրժողականության և խտրականության խթանմանը՝ քանի դեռ դրանք վերջնականապես չեն սպառել խաղաղության հիմքը։ Պատմությունը մեզ դատելու է ըստ նրա, թե ինչն ենք մենք պաշտպանում։
Շնորհակալ եմ»։




