Հայաստանն ու Վրաստանը իրար հակասող հայտարարություններ են կատարում Agile Spirit-ի վերաբերյալ

Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությանը Հայաստանի մասնակցության ու մասնակցությունից հրաժարվելու շուրջ ստեղծված իրավիճակն արդեն երկու օր է հանդիսանում է հայկական մամուլի ամենաքննարկելի թեմաներից մեկը:

Իրավիճակի ժամանակագրության ուսումնասիրությունը, սակայն, առաջացնում է որոշակի նոր հարցեր, մասնավորապես այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել է վերջին պահին:

Այսպես, Agile Spirit 2017-ում Հայաստանի մասնակցության մասին առաջին անգամ խոսվում է դեռևս հուլիսին: Մասնավորապես, այդ մասին հուլիսի 13-ին հղումով վրացական apsny.ge-ին հայտնում է Tert.am-ը, ինչպես նաև հայկական այլ ԶԼՄ-ներ:

Սեպտեմբերի 3-ի երեկոյան, սակայն, Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Գիորգի Կաչարավան Tert.am-ին հայտնում է, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Կարաչավան, սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ հայկական կողմը մինչ այդ պատշաճ ժամանակում տեղեկացրել է Agile Spirit-ին մասնակցելու մասին, բայց վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:

Հաջորդը օրն արդեն  վրացահայկական aliq.ge-ն մատնանշում է, որ նախքան սեպտեմբերի 3-ը՝ սեպտեմբերի 2-ին տարածված հաղորդագրության մեջ զորավարժությունների լոգոյի վրա ՀՀ դրոշը արդեն փոխարինված էր ադրբեջանականով, այնինչ օգոստոսի 29-ի հաղորդագրության վրա եղել է Հայաստանի դրոշը:

Ըստ այդմ, Կարաչավայի պնդումը, որ Հայաստանը վերջին պահին է հայտնել զորավարժություններից հրաժարվելու մասին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը՝ իհարկե հաշվի առնելով, որ «վերջին պահին» արտահայտությունը կարող է բավական առաձգական լինել:

Միևնույն ժամանակ, հայկական և վրացական կողմերի հայտարարությունների միջև նկատվում է մեկ անհամապատասխանություն ևս: Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ինչպես նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում են, որ Հայաստանն ընդհանրապես չի հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին: Ավելին, Հովհաննիսյանն ընդհանրապես հերքում է վրացական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմը չմասնակցելու որոշումը կայացրել է վերջին պահին:

Հայաստանում Agile Spirit-ին չմասնակցելու հնարավոր պատճառներից է նշվում նաև այդ զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը, այնինչ այս մասին մամուլի հրապարակումները խիստ սահմանափակ են և ոչ միանշանակ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն գրում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցության մասին, մասնավորապես, չկան հստակ հրապարակումներ, թե ինչ ձևաչափով է մասնակցությունը, արդյո՞ք Վրաստան են մեկնել ադրբեջանցի զինծառայողներ և այլն:

Սեպտեմբերի 3-ին Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը հրապարակում է լուր, որ Վրաստանում զորավարժություններին, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Ադրբեջանը: Minval.az-ը, իր հերթին, նույնպես հանդես է գալիս նույնաբովանդակ լուրով՝ որևէ շեշտ չկատարելով Ադրբեջանի մասնակցության մանրամասնությունների մասին: Բացի սա,  ամսի 4-ին Кавкавзский Узел գրում է զորավարժությունների մասին ու մասնակիցների ցանկում նշում Ադրբեջանը:

Ներկայացված իրավիճակում ստացվում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի որոշման խորքային պատճառներին զուգահեռ, լուրջ տարաձայնություններ են նկատվում ՀՀ և Վրաստանի գերատեսչությունների միջև, ինչի արդյունքում սույն թեմայի շուրջ խառնաշփոթը շարունակվում է:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող