- 14 Մայիսի, 2026
- Հաղորդագրություններ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կա ընտրակաշառքի բաժանման և ընտրողների քվեարկության վերահսկման մեծ ռիսկ, ինչի մասին է վկայում նաև Ազգային ժողովի նախագահի և մի խումբ պատգամավորների մտադրությունը կատարել փոփոխություններ Քրեական օրենսգրքում՝ ընտրական հանցագործությունների մասով՝ համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է քրեականացվի քվեաթերթիկի տեսանկարահանումը: Այս կապակցությամբ կատարել ենք միջազգային փորձի ուսումնասիրություն, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Աշխարհի մի շարք երկրներում գործում է քվեարկված քվեաթերթիկների լուսանկարահանման կամ ընդհանրապես ընտրատեղամասում լուսանկարահանման իրավական արգելք:
Մեծ Բրիտանիայի Ժողովրդական ներկայացուցչության 1983թ օրենքի[1] 66-րդ մասում սահմանված է քվեարկության գաղտնիությունը: Այս ակտի հիման վրա Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը ընդունել է ուղեցույց,[2] որը խորհուրդ է տալիս ընտրական տեղամասում ընտրությունների կազմակերպման և ընտրությունների արդարության ապահովման համար պատասխանատու պաշտոնյային (returning officer) արգելել լուսա և տեսանկարահանումը ընտրական տեղամասում ընդհանրապես՝ ընտրական տեղամասում տեղեկատվության հավաքման՝ օրենքով սահմանված արգելքի ապահովման նպատակով՝ ելնելով հանգամանքից, որ օրենքի կարգավորումները բարդ են և կարող են քվեարկության գաղտնիության խախտման ռիսկեր առաջացնել (գործնականում այս սահմանափակումը գործում է բոլոր ընտրատեղամասերում): Այսպիսով քվեարկած քվեաթերթիկի լուսանկարահանումը որպես քվեարկության գաղտնիության խախտում ենթադրում է մինչև 5000 ֆունտ տուգանք կամ ազատազրկում 6 ամիս ժամկետով:[3]
Կանադայի Ընտրական օրենսգրքի 281.8 կետը արգելում է տեսանկարահանել, լուսանկարահանել կամ որևէ կերպ պատճենել արդեն նշում պարունակող քվեաթերթիկը: Ընտրական օրենսգրքի 491.1 e և f, 500 2-րդ կետի համաձայն՝ այս արարքները պատժվում են 5000 կանադական դոլար տուգանքով և մինչև 6 ամիս ազատազրկմամբ:[4]
Հարավային Կորեայի Հանրային պաշտոնյաների ընտրության մասին օրենքի 166.2 հոդվածը սահմանում է. «Ոչ ոք իրավունք չունի լուսանկարելու քվեաթերթիկները քվեարկության խցիկում»։
Համաձայն նույն օրենքի 265 հոդվածի՝ 166.2 հոդվածի պահանջը խախտող անձը դատապարտվում է ազատազրկման մինչև 3 տարի ժամկետով:[5]
Բրազիլիայի ընտրական օրենսգիրքը քվեարկության գաղտնիության խախտման կամ դրա փորձի համար սահմանում է ազատազրկում 2 տարի ժամկետով (հոդված 299):[6]
Թուրքիայի Թիվ 298 օրենքի հոդված 92-ի համաձայն՝ արգելվում է նկարահանող, տեսագրող կամ կապի որևէ միջոցով մուտք գործել քվեախցիկ:[7]
ԱՄՆ մի շարք նահանգներում՝ Նյու Յորք (Նյու Յորքի նահանգի ընտրական օրենքի 17-130 կետ 10 և Քրեական 40-րդ գլխի մաս 2, վերնագիր E, հոդված 70՝ մաս 70.15)[8][9], Փենսիլվանիա[10], Հյուսիսային Կարոլինա[11], Հարավային Կարոլինա[12], Վիսկոնսին[13], Մասաչուսեթս[14] արգելվում է ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը այլ անձի տեսանելի դարձնելը (ընդ որում՝ Նյու Յորքում քվեարկված քվեաթերթիկը լուսանկարելը, համաձայն դատարանի մեկնաբանության, հավասարեցված է այն տեսանելի դարձնելուն), և սահմանված է տուգանք կամ բանտարկություն, որպես կանոն, մինչև 6 ամիս, իսկ ամենաշատը Նյու Յորքում և Փենսիլվանիայում մինչև 1 տարի ժամկետով:
Հավելենք, որ համաձայն Նյու Յորքի հարավային շրջանի Շրջանային դատարանի՝ Սիլբերբերգն ընդդեմ Նյու Յորքի ընտրական հանձնաժողովի գործով, տված մեկնաբանության քվեարկված քվեաթերթիկը լուսանկարելը չի կարող պաշտպանվել խոսքի ազատության համատեքստում, և լուսանկարելու արգելքը չի կարող հակասահմանադրական համարվել խոսքի ազատության համատեքստում, քանի որ քվեարկության վայրը խոսքի ազատության արտահայտման տարածք չէ, իսկ քվեարկված քվեաթերթիկի լուսանկարահանման արգելքը հիմնավոր է և ճշգրիտ ստեղծված մեխանիզմ է՝ ընտրակաշառքի և ընտրելու հարկադրելու դեպքերի կանխման նպատակի համար:[15]
ԱՄՆ Արիզոնա նահանգում արգելվում է տեսանկարահանում կամ լուսանկարահանում իրականացնել քվեարկության վայրից մինչև 75 ֆուտ հեռավորության վրա[16]: Արարքը պատժվում է բանտարկությամբ և տուգանքով: Մերիլենդ նահանգում արգելվում է օգտագործել լուսա կամ տեսանկարահանող, համակարգչային որևէ սարք կամ հեռախոս քվեարկության սենյակում:[17]
[1] https://www.legislation.gov.uk/ukpga/1983/2/contents
[2] https://www.electoralcommission.org.uk/guidance-acting-returning-officers-administering-a-uk-parliamentary-election-great-britain/polling-station-voting/information-voters/taking-selfies-polling-stations?utm_source=chatgpt.com
[3] https://www.bbc.com/news/uk-politics-27486392
[4] https://laws-lois.justice.gc.ca/PDF/E-2.01.pdf
[5] https://elaw.klri.re.kr/eng_service/lawView.do?hseq=53845&lang=ENG&utm_source=chatgpt.com
[6] https://www.planalto.gov.br/ccivil_03/leis/l9504.htm
[7] https://www.ysk.gov.tr/doc/dosyalar/Ingilizce/298_en_2018.pdf
[8] https://codes.findlaw.com/ny/election-law/eln-sect-17-130/
[9] https://www.nysenate.gov/legislation/laws/PEN/70.15
[10] https://codes.findlaw.com/pa/title-25-ps-elections-electoral-districts/pa-st-sect-25-3530/
[12] https://www.scstatehouse.gov/code/t07c025.php
[14] https://law.justia.com/codes/massachusetts/part-i/title-viii/chapter-56/section-25/




