- 16 Հոկտեմբերի, 2026
- Հաղորդագրություններ
Հոկտեմբերի 12-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում ելույթ է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խնդիրների մասին։
Իոաննիսյանն առանձնացրել է Ռուսաստանի միջամտությունը, նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորումը, ընտրակաշառքի դեպքերը, ընտրական վարչարարության թերությունները և վարչական ռեսուրսի չարաշահման առանձին դրվագները։
Դանիել Իոաննիսյանի ելույթի ամբողջական տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, ստորև։
«Տիկնայք և պարոնայք,
Ինչպես հավանաբար գիտեք, այս տարվա հունիսին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։
Թեև ընտրությունների արդյունքները բավարար չափով արտացոլում են Հայաստանի քաղաքացիների կամքը՝ այն հարցում, թե ով պետք է կառավարի երկիրը և ով պետք է հանդես գա որպես հիմնական ընդդիմադիր ուժ, մենք նաև արձանագրել ենք մի շարք խնդիրներ, որոնց անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ։
Նախևառաջ, այս ընտրությունների ընթացքում ամենամեծ խնդիրը Ռուսաստանի միջամտությունն էր, որն իրականացվում էր չորս հիմնական ուղղություններով։
- Ռուսաստանը ազդեցություն գործելու լրացուցիչ միջոցներ է օգտագործել՝ տեղեկատվական դաշտի վրա ներգործելու նպատակով։ Դրանց թվում էին քաղաքական գործիչներ, որոշ կեղծ հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնց միջոցով տարածվում էին Կրեմլի թեզերը և աջակցություն էր ցուցաբերվում ռուսամետ քաղաքական ուժերին։
- Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին կազմակերպված կերպով Հայաստան տեղափոխելու փորձեր են կատարվել։ Նպատակն էր ապահովել նրանց մասնակցությունը քվեարկությանը։
- Ֆինանսական աջակցություն է ուղղվել որոշ բացահայտ և քողարկված ռուսամետ դերակատարների՝ լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, հասարակական կարծիքի ձևավորողների և կեղծ հասարակական կազմակերպությունների։
- Ընտրություններից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանը կիրառել է Հայաստանի տնտեսության վրա հետևանքներ ունեցող պատժամիջոցներ։
Մյուս կարևոր խնդիրը նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորումն էր։ Գործող կարգավորումների բացերը, մասնավորապես՝ քարոզարշավում ներգրավված երրորդ կողմերի գործունեությունը կարգավորող պատշաճ կանոնների բացակայությունը, հնարավորություն էին ստեղծում ֆինանսավորելու նախընտրական քարոզարշավներ՝ շրջանցելով սահմանափակումներն ու թափանցիկության պահանջները։
Հաջորդ լուրջ խնդիրը ընտրակաշառքն էր։ Հարյուրավոր անձանց մեղադրանքներ առաջադրվեցին, և ամեն անգամ, երբ որևէ անձ ձերբակալվում էր ընտրակաշառք տալու մեղադրանքով, հրապարակվում էին այդ փաստը հաստատող ձայնագրություններ։
Ընտրությունների հետ կապված մեկ այլ լուրջ խնդիր էր ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու համակարգի գործունեությունը։ Մենք հստակ արձանագրեցինք ընտրությունների կազմակերպման որակի հետընթաց։ Ընտրական վարչարարություն իրականացնող մարմինները չկարողացան գրանցումից հանել այն քաղաքական ուժերին, որոնք մեղադրվում էին ընտրակաշառքի հսկայական ծավալներ բաժանելու մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց նաև երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով քաղաքական ուժերից մեկը, որը սկզբնապես հաղթահարել էր խորհրդարան անցնելու ընտրական շեմը, արդյունքում խորհրդարանից դուրս մնաց։
Ընտրությունների վերջին խնդիրը, որին կցանկանայինք անդրադառնալ, իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսի չարաշահման առանձին դեպքերն էին, որոնք պատշաճ քննության չեն արժանացել։
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, երեք ամիս առաջ Ռուսաստանը փորձեց զավթել Հայաստանը՝ իշխանության բերելով իր դրածոներին։ Սակայն այդ փորձը ձախողվեց։
Շնորհակալություն»:




