Վարշավայում քննարկվեց Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի, Մոլդովայի, Ռումինիայի և Լիտվայի ընտրություններին

Վարշավայում կայացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած հարակից միջոցառումը՝ «Ռուսաստանի միջամտությունն ընտրություններին․ դասեր Հայաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և Լիտվայից» խորագրով։

Միջոցառման բանախոսներն էին «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (Հայաստան), Civic Resilience Initiative-ի ներկայացուցիչ Թոմաս Կազուլենասը (Լիտվա), WatchDog.md-ի ներկայացուցիչ Անդրեյ Ռուսուն (Մոլդովա), Expert Forum-ի ներկայացուցիչ Սորին Իոնիցեն (Ռումինիա) և ընտրական փորձագետ Ռոման Ուդոտը։

Բանախոսները ներկայացրին տարբեր երկրներում ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության մեթոդները՝ անդրադառնալով ապատեղեկատվական արշավներին, քաղաքական և ֆինանսական ազդեցության մեխանիզմներին, սոցիալական ցանցերի միջոցով հանրային կարծիքի մանիպուլյացիային և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարմանը։

Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի միջամտության տարբեր եղանակներին, այդ թվում՝ մի շարք տեղեկատվական օպերացիաներին։

Մոլդովայի փորձի շրջանակում Անդրեյ Ռուսուն ներկայացրեց կրիպտոարժույթների և տելեգրամյան ալիքների միջոցով ընտրական գործընթացների վրա ազդելու մեխանիզմները, ինչպես նաև Մայա Սանդուի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ տարածվող ապատեղեկատվության հետ։

Թոմաս Կազուլենասն անդրադարձավ Լիտվայում կրեմլամետ տեղեկատվական ազդեցության մեխանիզմներին, հասարակության բևեռացմանն ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերին։

Ռումինիայի փորձը ներկայացնելով՝ Սորին Իոնիցեն անդրադարձավ սոցիալական մեդիայի, քաղաքական գովազդի և ինֆլյուենսերների միջոցով ռուսամետ թեկնածուների առաջխաղացմանը։ Նա ընդգծեց, որ պետություններն ու գործող կարգավորող համակարգերը հաճախ բավարար կարողություններ չունեն սոցիալական հարթակների միջոցով իրականացվող քաղաքական ազդեցությանը դիմակայելու համար՝ կարևորելով դրանց առավել արդյունավետ կարգավորումը։

Ընտրական փորձագետ Ռոման Ուդոտը ներկայացրեց «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) հետ համատեղ իրականացված աշխատանքները՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության դեպքերի փաստահեն բացահայտմանը։

Բանախոսների ելույթներին հաջորդեց հարցուպատասխան, որի ընթացքում լսարանի մասնակիցները հարցեր ուղղեցին փորձագետներին՝ անդրադառնալով նաև ժողովրդավարության պաշտպանության նպատակով ոչ ժողովրդավարական քաղաքական ուժերի գործունեության սահմանափակման հարցին։

Քննարկման ավարտին ընդգծվեց, որ տարբեր երկրներում Ռուսաստանի միջամտության մեթոդներն ունեն ընդհանուր օրինաչափություններ, և դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ են միջամտության մեխանիզմների բացահայտում, երկրների միջև փորձի փոխանակում և ժողովրդավարական ինստիտուտների դիմադրողականության ամրապնդում։ Ինչպես ընդգծվեց միջոցառման ընթացքում՝ խնդիրների ճիշտ ախտորոշումը դրանց լուծման կարևոր նախապայմանն է։

DSC01558
previous arrow
next arrow

Առնչվող