Պուտինի շնորհավորանքն ու աջակցությունը Քոչարյանին

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Զրույցի ընթացքում Պուտինը ջերմորեն շնորհավորեց Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ ՌԴ նախագահի հեռախոսազանգին, սակայն, զուգորդեց ևս մի քանի իրադարձություն, որոնք արժանի են ուշադրության։ Նախ, նույն օրերին ռուսական «Սպուտնիկ» գործակալությունում հրապարակվեց ծավալուն հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ: Այստեղ երկրորդ նախագահը կրկին հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին՝ ասելով, որ պատրաստվում է դառնալ «ընդդիմադիր բևեռի կենտրոն»։

Այս համատեքստում կարևոր է Պուտինի շնորհավորանքի ձևը․ այն ոչ թե մասնավոր, ընկերական բարեմաղթանք էր, այլ պաշտոնական հեռախոսազրույց։ Ի դեպ, վերջին անգամ Պուտինը Քոչարյանին շնորհավորել էր 11 տարի առաջ՝ 2007 թվականին։

Այսօր, երբ Քոչարյանը մեղադրվում է ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ, նմանօրինակ քայլով պաշտոնական Մոսկվան ոչ միայն ցույց է տալիս իր անհամաձայնությունը նորընտիր կառավարությանը, այլև որոշակի ճնշում է գործադրում անկախ դատական համակարգի վրա։

Հարկ է վերհիշել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հուլիսի 31-ին արած հայտարարությունը։ Վերջինս իր բացահայտ դժգոհությունն էր հայտնել Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ՝ ընդգծելով, թե Հայաստանի իշխանությունների խոսքն ու գործը՝ կապված նախորդ իշխանությունների նկատմամբ քաղաքական հետապնդումներ չիրականացնելու հետ, իրարամերժ են։ Ի դեպ, պաշտոնական Երևանը Լավրովին պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով։

Վերը նշվածից բացի, Քոչարյանի ծննդյան օրը տեղեկություն տարածվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի առնչությամբ։ Պարզվեց՝ ռուսական իրավապահները մերժել են Հարությունյանին արտահանձնելու հայ իրավապահների ներկայացրած դիմումը։ Իբրև պատճառաբանություն, նշվեց Հարությունյանի՝ 2002 թվականից ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը։ Փաստորեն, Հարությունյանը, լինելով այլ երկրի քաղաքացի, զբաղեցրել է ՀՀ գլխավոր շտաբի պետի, այնուհետև պաշտպանության նախարարի պաշտոնները։ Դա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության խախտում է։ Ի դեպ, որոշ ժամանակ անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ արտահանձնման վերաբերյալ որևէ դիմում ռուսներին չեն ուղարկել։

Այս քայլերով Մոսկվան, ըստ էության,  հրապարակային աջակցություն է հայտնում Քոչարյանին թե՛ առաջիկայում Վճռաբեկ դատարանի կողմից քննվող գործում և թե՛ գարնանը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Ռաֆայել Աֆրիկյան

Առնչվող