Հակիրճ՝ Վիետնամի և Սինգապուրի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 4-9-ը պաշտոնական այցով մեկնելու է Վիետնամ և Սինգապուր։ Հայկական պատվիրակության կազմում, բացի վարչապետից, ընդգրկվելու են նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Վարչապետին ուղեկցելու է նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը։

Սպասվում է, որ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կլինի Վիետնամում, իսկ 7-9-ը՝ Սինգապուրում։

Վիետնամ

ՀՀ-ի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 14-ին։ Նույն թվականին Վիետնամ է այցելել այն ժամանակվա ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը։

Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի հաջորդ այցը Վիետնամ տեղի է ունեցել 2002 թվականին․ Վիետնամ է այցելել արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ ՀՀ հաջորդ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիետնամ է այցելել տասը տարի անց՝ 2012 թվականի փետրվարին։ Նույն տարվա հունիսին Վիետնամ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Վիետնամի որևէ ղեկավարի այց Հայաստան մինչ այժմ տեղի չի ունեցել, ավելին՝ ընդամենը մեկ անգամ է վիետնամցի բարձրաստիճան պաշտոնյա ժամանել Երևան․ 2015 թվականին Հայաստան էր այցելել Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնը։

ՀՀ և ՎՍՀ միջև գործում է 7 միջպետական համաձայնագիր, այդ թվում՝ մշակութային և գիտատեխնիկական համագործակցության, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, առևտրատնտեսական համագործակցության և արդարադատության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բացի սա, ՀՀ և ՎՍՀ միջև գործում է առանց վիզայի ռեժիմ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար։

Ըստ արտգործնախարարության ներկայացրած տվյալների, 2017 թվականին Հայաստան է ներմուծվել վիետնամական ծագման շուրջ 35 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանից դեպի Վիետնամ արտահանումը կազմել է ընդամենը 157 հազար դոլարի ապրանք։ Հարկ է նաև նշել, որ 2015 թվականի մայիսի 29-ին Վիետնամի և ԵԱՏՄ միջև ստորագրվել է ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր, և կողմերի միջև պարբերաբար տեղի են ունենում բանակցություններ՝ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու շուրջ։

Սինգապուր

ՀՀ-ի և Սինգապուրի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 1-ին։ Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Սինգապուր տեղի է ունեցել 2005 թվականին․ Սինգապուր է այցելել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Հաջորդիվ՝ 2012-ի փետրվարին, Սինգապուր է այցելել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որին հետևել է նույն տարվա մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Սինգապուր։

Սինգապուրից Հայաստան են այցելել 2009 թվականին՝ Սինգապուրի ավագ նախարար Լի Քուան Յուն, 2016-ին՝ առևտրի և արդյունաբերության նախարար Դր Կոհը։

ՀՀ-ի և Սինգապուրի միջև առկա է կնքված 4 միջպետական պայմանագիր, այդ թվում՝ մշակութային համագործակցության, օդային հաղորդակցության և դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր կրող անձանց համար առանց վիզայի ռեժիմի մասին։

ՀՀ ԱԳՆ ներկայացրած տվյալների համաձայն, 2017 թվականին Սինգապուրից Հայաստան է ներմուծվել 1․2 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանից արտահանվել է՝ 1․4 միլիոն դոլարի։

Չնայած ներկայում ոչ ակտիվ միջպետական շփումներին և աշխարհագրական հեռավորությանը, այնուամենայնիվ, հայ-սինգապուրյան պատմամշակութային կապերը երկար պատմություն ունեն։ Հայերը Սինգապուրում հաստատվել են դեռևս 18-րդ դարից։ Սինգապուրում գործում է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կա հայկական փողոց։ Հայերը նաև կարևոր դեր են խաղացել այդ երկրի մշակութային և հասարակական կյանքում, մասնավորապես, 1845 թվականին հայազգի Քեչիկ Մոզեսը հիմնել է Սինգապուրի առաջին անգլիալեզու թերթը, որը մեծ ազդեցություն ունի ներկայում։ Այժմ Սինգապուրում բնակվում է մի քանի տասնյակից մինչև 100 հայ։

Սինգապուրն աշխարհին հայտնի է կոռուպցիայի դեմ իր արդյունավետ պայքարի պատմությամբ և տնտեսական մեծ թռիչքով, ինչի շնորհիվ, չնայած խիստ սահմանափակ տարածքին և ռեսուրսներին, այն դարձել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Սինգապուրյան փորձը Հայաստանում կիրառելու մասին խոսվել է հայաստանյան շատ գործիչների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի և այլոց կողմից։

Առնչվող