Սոչիի օդանավակայանն ու աճող նացիոնալիզմը Ռուսաստանում

2019 թվականի օգոստոսը սկսվեց լուրերով այն մասին, որ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին զանգվածաբար ազատում են աշխատանքից։ Հուլիսի 31-ին Սոչիի միջազգային օդանավակայանի՝ ազգությամբ հայ 29 աշխատակիցներ հայտարարություն տարածեցին, որում ասվում է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և, արդեն երկրորդ տարին է, աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին: Օգոստոսի 1-ին այս հայտարարությունը հերքվեցօդանավակայանի կողմից։ Ըստ Սոչիի օդանավակայանի բացատրության, աշխատանքից ազատված հայ աշխատակիցները պարզապես փորձում են ազգային պատկանելիության փաստարկը կիրառելով իրենց համար հատուկ պայմաններ ստանալ օդանավակայանից։ Օդանավակայանի՝ ազգությամբ հայ նախկին աշխատակիցներն էլ որոշեցին դիմել ՌԴ պատկան մարմիններին՝ հարցը օրենսդրական դաշտում կարգավորելու նպատակով։ 

Կա՞ արդյոք իրական խնդիր

Հաշվի առնելով կողմերի իրարամերժ հայտարարությունները՝ հարց է ծագում, թե արդյո՞ք հեռացումների պատճառն իսկապես ազգային խտրականությունն է։ Սոչիի օդանավակայանը պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանը: Ըստ 2018 թվականի տվյալների, «Բազել Աէրո» ընկերությանը պատկանող չորս օդանավակայանների աշխատակիցների ընդհանուր թիվը (Սոչի, Գելենջիկ, Անապա, Կրասնոդար) կազմում է 6000 մարդ։ Ըստ օդանավակայանի լրատվական ծառայության հայտարարության, աշխատանքից ազատված հայերը հեռացված աշխատակիցների ընդամենը երեք տոկոսն են կազմում։ Եթե անգամ համարենք, որ այս 6000-ի կեսը աշխատում է Սոչիի օդանավակայանում (օդանավակայանի աշխատակիցների թիվը հրապարակված չէ), ապա ստացվում է, որ օդանավակայանի դեմ հայտարարությունը ստորագրել է աշխատակիցների մոտ 1 տոկոսը (29 մարդ): 

Սոչիի օդանավակայանի՝ վերոնշյալ հերքման տեքստում աշխատակիցների մոտ մեկ տոկոսը բնութագրվում է որպես «մարդկանց մի փոքր խումբ»։ Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է «․․․ Մարդկանց մի փոքրիկ խումբ, որը վերջերս է դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում է ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»: «Սպուտնիկի» հայկական ծառայությունն էլ հրապարակել է հոդված, ըստ որի՝ Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը «Սպուտնիկին» տեղեկացրել է, որ աշխատանքից ազատված մարդկանց ընդհանուր թվի միայն երեք տոկոսն են ազգությամբ հայ աշխատակիցներ։ Այսինքն, ըստ օդանավակայանի՝ աշխատանքից, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 մարդ է հեռացվել։ Սա «Բազել Աէրո» ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մեկ վեցերորդն է։ Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ 

Փաստորեն՝ եթե ազգային խտրականությունը բացառենք, ապա ենթադրվում է, որ օդանավակայանը ունի ֆինանսական խնդիրներ ու զանգվածային կրճատումներ է իրականացնում։ Օդանավակայանում, սակայն, այդպիսի կրճատումներ կարծես թե տեղի չեն ունենում, առնվազն՝ ֆինանսական խնդիրների և դրանցից բխող զանգվածային կրճատումների մասին լուրեր չեն պտտվում։ Ավելին՝ օդանավակայանի կայքի աշխատանքային հայտարարություններ բաժնից դատելով՝ օդանավակայանը ի վիճակի է նոր աշխատակիցներ վարձել։ 

Այլատյացությունը Ռուսաստանում

Արդյո՞ք Սոչիի օդանավակայանի դեպքը Ռուսաստանում այլատյացության օրինակ է։ Այն, որ Ռուսաստանում կա հստակ բացասական վերաբերմունք այլազգիների հանդեպ, նորություն չէ։ Այսպես, օրինակ, «Լևադա» հետազոտական կենտրոնի՝ 2018 թվականի հետազոտությանհամաձայն, հարցված ՌԴ քաղաքացիների 66%-ը կողմ է ՌԴում այս կամ այն ազգի ներկայացուցիչների ներկայությունը սահմանափակելուն։ 2017 թվականին հարցման մասնակիցների 54%-ն էր նման կարծիք հայտնել, իսկ 2016-ին՝ 70%-ը: Փաստորեն, 2017 թվականի՝ այլատյացության նվազման դրական միտումը 2018 թվականին կրկին հետընթաց է ապրել։ Ընդ որում՝ հայերը ևս պարբերաբար դառնում են այլատյացության զոհ ՌԴում։ Այսպես, օրինակ, 2013 թվականին բեռնատարով ավտոբուսի բախված Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցում հետաքննության պահանջով բժիշկները դուրս էին բերել դեղորայքային քնից և վթարի հաջորդ օրը տարել դատարան՝ ծաղկավոր խալաթով։ 

Առնչվող