- 27 Սեպտեմբերի, 2019
- Ժողովրդավարություն եվ մարդու իրավունքներ
Ցանկացած երկրի կառավարության բյուջեն այդ երկրի պետական գերակայությունների արտացոլումն է։ Հետևաբար, այն, թե բյուջեից որքան գումարներ են ուղղվում երեխաներին ու դեռահասներին, վկայում է կառավարության՝ երեխաների իրավունքների իրականացման հանձնառության մասին։
Ընդհանուր առմամբ, երեխաներին ուղղված ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեում մեծ է, քանի որ այն ներառում է կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներին ուղղվող ծախսերի զգալի ծավալները, ուստի երեխաներին ուղղված ծախսերի արդյունավետությունը մեծապես ազդում է նաև ընդհանուր բյուջեի արդյունավետության վրա։
Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի ծավալուն ուսումնասիրությունն արվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվերով։ Այս ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշակի մտահոգիչ միտումներ։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, 2012-2015 թվականներին երեխաներին բաժին է ընկել հանրային ծախսերի մոտ 30 տոկոսը, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 7-8 տոկոսը։ Նշված ծախսերի գերակշիռ մասն ուղղվել է սոցիալական երեք ոլորտներին՝ կրթությանը (ավելի քան 30.0%), սոցիալական պաշտպանությանը (ավելի քան 10.0%) և առողջապահությանը (ավելի քան 8.0%): Սոցիալական ոլորտներին ուղղված բոլոր ծախսերը միասին կազմել են երեխաներին ուղղված ծախսերի ամբողջ ծավալի ավելի քան 55%-ը, որի գերակշիռ մասի ուղղակի շահառուները երեխաներն են եղել:
Ընդ որում, հատկանշական է, որ երեխաներին ուղղված ամենամեծ ծավալով ծախսերը կատարվել են կրթության ոլորտում։ Մասնավորապես, երեխաներին է ուղղվել կրթության ոլորտի ծախսերի ավելի քան 85 տոկոսը։ Այս առումով երկրորդ խոշոր ծավալը բաժին է ընկել առողջապահությանը՝ կազմելով ոլորտային ծախսերի ամբողջ ծավալի մոտ 40%-ը, իսկ երրորդ տեղում սոցիալական պաշտպանության ոլորտն է, որտեղ ոլորտային ծախսերի ամբողջ ծավալում երեխաներին ուղղված ծախսերը կազմել են մոտ 10%:
Սրանով հանդերձ, սակայն, ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ թեև 2012 թվականից սկսած Հայաստանում նկատվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք, այնուամենայնիվ, համամասնորեն չեն ուղղվել երեխաներին։ Ընդհանուր ծախսերի համեմատ՝ երեխաներին ուղղված ծախսերն ավելի դանդաղ տեմպերով են աճել, թեև վերոնշյալ տարիներին բնակչության թվաքանակում երեխաների տեսակարար կշիռը չի փոփոխվել։
Երեխաներին ուղղված հանրային ծախսերն ավելի արդյունավետ դարձնելու և դինամիկ զարգացումը վերահսկելու համար ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են, որ երեխաներին ուղղված ծախսերի վերաբերյալ տվյալները ներառվեն բյուջետային ուղերձներում և ֆինանսական հաշվետվություններում, օրինակ՝ բյուջեի կատարման մասին հաշվետվությունում։
Բացի սա, Երեխաներին ուղղված ծախսերի համապատասխանության, նպատակային արդյունավետության և արդարության մակարդակը բարելավելու համար առաջարկվում է երեխաների իրավունքների իրացման համար կարևոր սոցիալական ոլորտներում (առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության) իրականացնել հանրային ծախսերի ուսումնասիրություններ: Նաև, ընթացիկ վերլուծություններ անելու համար անհրաժեշտ է, որ ներդրվի հատուկ համակարգ, որը թույլ կտա մշտապես հետևել պետական բյուջեից երեխաներին հատկացվող գումարներին։
Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ երեխաները պետության հիմնական շահառուներից են, որոնք ունեն կրթության, առողջապահության և պաշտպանված լինելու իրավունք։ Այս ամենի մասին հոգ տանելու համար պետությանն անհրաժեշտ են ընթացիկ ծախսերը գնահատելու և վերլուծելու հստակ գործիքներ, որոնք թույլ կտան առավել նպատակային ու արդյունավետ օգտագործել հանրային միջոցները։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։