Պարզապես այցելեք Բաքու հայկական ազգանունով և կտեսնեք ռասիզմի ողջ պերճանքը․ Իոաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում

2025 թվականի հունիսի 2-ին Վիեննայում, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում վարվող ռասիզմի, հայատյացության և խտրականության քաղաքականությանը:

Ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ բազմաթիվ անհերքելի փաստեր՝ Իոաննիսյանը նաև հրավիրել է ներկաներին մասնակցելու հունիսի 3-ին կոնֆերանսի շրջանակում կայանալիք՝ Ադրբեջանում հայատյացության թեմայով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ջանքերով:

Դանիել Իոաննիսյանի ելույթի տեքստը հայերենով՝ ստորև:

«Շնորհակալություն, հարգելի վարող,

Ցավոք, ռասիզմը դեռևս իրողություն է ԵԱՀԿ անդամ որոշ երկրներում։ Բայց 21-րդ դարի՝ պետության մակարդակով կազմակերպված ամենառասիստական հանցագործությունը կատարվել է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին: Այդ օրերին Ադրբեջանն օգտագործեց իր զինուժը՝ իր տարածքում էթնիկ զտումներ կազմակերպելու համար։

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 100.000 հայ լքեց Լեռնային Ղարաբաղը, և այժմ այնտեղ ոչ մի հայ չի մնացել։ Եվ դա Ադրբեջանի` տասնամյակներ տևած պետական ​​քաղաքականության վերջնական գործողությունն էր։

Ըստ Ադրբեջանի պետական ​​վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 40 տարի առաջ Ադրբեջանում ապրող կես միլիոն հայերից այժմ այնտեղ մնացել է ընդամենը 200-ը։ Ոչ թե 200,000, այլ ընդամենը 200 մարդ:

Ամեն ինչ սկսվեց 1988 թվականին Սումգայիթում հայերի ջարդով, որին հաջորդեցին Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերը։

Կան զոհերի ճշգրիտ անուններ և ցուցակներ։ Հայաստանում 35 տարի առաջ առանց բռնության հեռացած ադրբեջանցիների հետ նման բան երբեք չի պատահել։

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը լիովին աջակցում է այս հայատյացությանը։ Մի քանի օրինակ բերեմ։

2012 թվականին Ալիևը ներում շնորհեց և պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ սպանել էր քնած հայ զինվորին։ 2016 թվականին Իլհամ Ալիևը պարգևատրեց ադրբեջանցի զինծառայողի, որը գլխատել էր հայ զինվորի մարմինը և հպարտությամբ սոցցանցերում հրապարակել կտրած գլխի լուսանկարը՝ մի գործելաոճ, որն այժմ շատ տարածված է ադրբեջանցի զինվորականների շրջանում:

Մի քանի տարի առաջ իր համազգային ուղերձում նախագահ Ալիևը հայտարարել էր. «Մենք նրանց (հայերին) քշում ենք շների պես: Ադրբեջանցի զինվորները շների պես քշում են նրանց»։

Ադրբեջանցի պատգամավորը խոսում է հայերի «վերաինտեգրման» մասին։ Դա ինչ-որ առումով ծիծաղելի է։ Հայերի՞, թե՞ շների «վերաինտեգրում» են ուզում։ Ըստ իրենց նախագահի՝ հայերը շներ են։

Ադրբեջանի հայատյաց պետական ​​քաղաքականությունը արձանագրվել է մի շարք հայտնի միջազգային կազմակերպությունների կողմից։ Պարզապես փորձեք Բաքվի օդանավակայան ժամանել հայկական ազգանունով՝ անկախ ձեր քաղաքացիությունից, և ականատես կլինեք ռասիզմի ողջ պերճանքին։

Հայաստանում էթնիկ ադրբեջանցիները կարող են առանց խնդրի մեր մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում երգել իրենց երգերը, ինչը տեղի է ունեցել այս տարի Ամանորի տոնակատարությունների ժամանակ։

Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի օգտվել առիթից՝ բոլորիդ հրավիրելու Ադրբեջանում հայատյացության թեմայով հարակից միջոցառմանը, որը տեղի կունենա վաղը՝ ժամը 13:15-ին, 531 դահլիճում:

Շնորհակալություն»։

Առնչվող