Պուտինի ապօրինի կուսակցությունը Հայաստանում

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Օրերս Ռուսաստանի հայկական կազմակերպություններից մեկի՝ «հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը Գիտությունների Ազգային Ակադեմիայում տրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կուսակցություն է ստեղծելու և մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

Այդ ասուլիսում զավեշտն անպակաս էր: Այդպես, օրինակ գիտության «օջախում» ասուլիս տվող Աբրահամյանը, պարզվեց, դժվար է պատկերացնում «ռուս» և «ռուսաստանցի» բառերի տարբերությունը… Այդ և բազմաթիվ այլ հայտարարություններ համացանցում դարձան համընդհանուր ծիծաղի առարկա:

Սակայն մի կողմ թողնելով ասուլիսի զավեշտը, քննարկենք դրա բովանդակային էությունը:

Ապօրինի կուսակցությու՞ն

Արա Աբրահամյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի (միայն Ռուսաստանի) քաղաքացի է: Հայաստանի օրենսդրությունը («Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը) հստակ արգելում է օտարերկրացիներին անդամակցել կուսակցություններին (իսկ կուսակցություն հիմնելու մասին անգամ խոսք լինել չի կարող): Ավելին, այդ արգելքը հստակ ամրագրում է, թե գործող սահմանադրությամբ (հոդված 28),  թե նոր առաջարկվող սահմանադրության նախագծով (հոդված 46):

Ավելին, «Կուսակցությունների մասին» օրենքը (25-րդ հոդվածի 3-րդ մասը) հստակ արգելում են կուսակցություններին այլ պետությունների քաղաքացիներից որևէ դրամական աջակցություն ստանալ: Ընդ որում, օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից աջակցություն ստացած կուսակցությունները պարտավոր են այդ գումարը փոխանցել պետական բյուջե… Հակառակ պարագայում այդ գումարը կարող է բռնագանձվել, իսկ կուսակցությունը՝ կրել լուրջ պատասխանատվություն:

Հետևապես անհասկանալի է, թե ի՞նչ է ենթադրում Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն բացելու անօրինական մտադրությունը, քանի որ ինքը ոչ կարող է կուսակցություն բացել, ոչ էլ կարող է իր մերձավորների կողմից բացված որևէ կուսակցություն ֆինանսավորել:

ԱԺ-ի դռները փակ են

Եթե անգամ պատկերացնենք, որ կուսակցություն բացելու նպատակով Արա Աբրահամյանը դիմի և «արագացված» կարգով ստանա Հայաստանի քաղաքացիություն, միևնույնն է, նա չի կարող մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին:

Բանն այն է, որ նոր սահմանադրության նախագծով ԱԺ պատգամավոր կարող է դառնալ վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և նույն ժամանակահատվածում միմիայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը (հոդված 48): Իսկ գալիք խորհրդարանական ընտրությունները 2017 թվականի մայիսին են լինելու, այն է՝ մեկուկես տարուց:

Հետևապես նաև անհասկանալի է դառնում՝ Արա Աբրահամյանի՝ գալիք խորհրդարանական ընրություններին մասնակցելու մտադրությունը:

Պուտինը մեր նախագահն է

Սակայն էլ ավելի մտահոգիչ է այն, որ Հայաստանում կուսակցություն բացելու և խորհրդարանում խմբակցություն ունենալու մտադրության մասին է հայտնում մեկը, ով համարում է, որ «Պուտինը միշտ ճիշտ ա, հանձնարարությունները տալիս ա, ես էլ կատարում եմ»:

Այսինքն, ըստ Արա Աբրահամյանի մտադրության, Հայաստանի Ազգային Ժողովում կլինի մի խմբակցություն, որն իր նախագահ է համարելու այլ պետության ղեկավարի և կատարելու է նրա հանձնարարությունները:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Related Posts: