Ինչպե՞ս ստուգել հավաքների մասնակիցների՝ ԻՔՄ հրապարակած թվերը

Sorry, this entry is only available in Armenian.

Վերջին օրերին Երևանում ակտիվացած քաղաքական ակցիաներին զուգահեռ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել դրանց մասնակիցների քանակի վերաբերյալ տվյալներ։

Հաշվի առնելով, որ թե՛ իշխանամետ և թե՛ ընդդիմադիր հավաքների վերաբերյալ մեր կազմակերպության հրապարակած թվերը տարատեսակ շահարկումների առիթ են դառնում, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նկատել, որ մեր հաշվարկն իրականացվում է հավաքների մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով, և մենք ներկայացնում ենք բոլոր այն նյութերը, որոնցով յուրաքանչյուր ոք կկարողանա հեշտությամբ ստուգել մեր հաշվարկի ճշտությունը։

Ինչպե՞ս ենք մենք հաշվում

ԻՔՄ աերոնկարահանող խումբը, ժամանելով հավաքի վայր, դրոնով նկարահանում է հավաքը՝ դրա մեկնարկից որոշ ժամանակ անց, երբ այն արդեն լինում է ընթացքի մեջ (սովորաբար՝ մեկնարկից մոտ կես ժամ անց)։ Աերոնկարահանմամբ ստացված բարձր որակով լուսանկարները, այնուհետ, փոխանցվում են հաշվարկն իրականացնող թիմին, որը համակարգչային ծրագրի միջոցով, ձեռքով (manual) իրականացնում է հավաքի մասնակիցների հաշվարկ։ Հավաքի ամեն մասնակցի կողքին (կամ հենց վրա) համապատասխան ծրագրով դրվում է հերթական համար: Հերթական համար չի դրվում միայն ոստիկանական համազգեստով մարդկանց վրա: Հավաքի վայրում ներկա բոլոր անձանց վրա հերթական համար դնելու արդյունքում ստացված թիվը հրապարակում ենք որպես մասնակիցների քանակ:

Մեծ հավաքների դեպքում երբեմն նկարը բաժանվում է 2-3 մասի, և դրա ամեն մասում հաշվարկվում է մասնակիցների թիվը ու ապա գումարվում իրար: Թվի հետ միաժամանակ, մենք միշտ հրապարակում ենք այդ հաշվարկի աշխատանքային ֆայլերը և կայքում դնում դրանք բեռնելու հղումները:

Որոշ դեպքերում, օրինակ, անբարենպաստ եղանակային պայմաններում, մենք կատարում ենք որոշակի վերապահումներ։ Այսպես, անձրևի ժամանակ տեղի ունեցող երթերից մեկի մասնակիցների քանակը հաշվելիս մենք առաջնորդվել էինք այն վարկածով, որ վերևից երևացող ամեն հովանոցի տակ կարող է գտնվել երկուական մարդ։ Այդ դեպքերում մենք հատուկ նշում ենք կատարում այդ մասին, որ ընթերցողներն իմանան հաշվարկի մոտավորության մասին:

Ինչպե՞ս ստուգել

Մեր հաշվարկները ստուգելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել մեր կայք, բեռնել հաշվարկի աշխատանքային ֆայլերը, համակարգչում ունենալ «.psd» ձևաչափի ֆայլեր բացելու ծրագիր (օրինակ՝ Adobe Photoshop), բացել ֆայլերը: Բացելուց հետո պարզապես պետք է համոզվել, որ ամեն մարդու վրա (բացառությամբ՝ ոստիկանների) ոչ ավել ու ոչ պակաս մեկ հերթական համար է, իսկ հերթական համարները չեն կրկնվում:

Այլ կերպ ասած՝ եթե հավաքների մասնակիցների քանակը հաշվելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» պահանջվում է տեղում թիմ ունենալ, դրոնով թռիչք իրականացնել ու ապա ստացված նկարում հերթական համարներ տալ բոլոր մասնակիցներին, ապա այդ հաշվարկի ճշտությունը ստուգելն անհամեմատ ավելի հեշտ է: Յուրաքանչյուր մարդ կարող է ստուգել և համոզվել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած թվերը ճիշտ են:

ԻՔՄ-ն, ըստ այդմ, զերծ է հավաքների մասնակիցների քանակը որևէ կերպ մանիպուլացնելուց և շահարկելուց և տրամադրում է բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։ Մենք գիտենք, որ սխալ տվյալներ հրապարակելու դեպքում հաշված րոպեներում կկորցնենք ձեր վստահությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Related Posts: