Հայերը դուրս են մղվում ՌԴ պետական դումայից

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հուշում են, որ հայ հասարակության մեջ Ռուսաստանի վերաբերյալ ձեւավորված կարծրատիպերը վերանայման կարիք ունեն։

Արդյունքները

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ռուսական Պետական դումա են ընտրվել 450 պատգամավորներ, որոնցից 225-ը՝ համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով, իսկ 225-ը՝ մեծամասնական կարգով, առանձին տեղամասերից։

Անդրադառնալով ընտրությունների վերջնական արդյունքներին, նշենք, որ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 140 համամասնական մանդատ եւ 203՝ մեծամասնական։ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 35 համամասնական մանդատ, 7 մեծամասնական, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 34 համամասնական եւ 5 մեծամասնական մանդատներ։ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստացել է 16 մեծամասնական մանդատ եւ 7 համամասնական։

Հայերը

2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալներով, ՌԴ-ում ազգությամբ հայ քաղաքացիների թիվը հասնում է 1 միլիոն 182 հազարի։ Վերջին տարիների ընթացքում, պայմանավորված նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ստեղծված միգրացիոն հնարավորություններով, այդ թիվը զգալիորեն աճել է։

Բացի ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիների բավական մեծ թվից, առանձնահատկություն է հանդիսանում նաեւ այն, որ Ռուսաստանում հայերը որոշ շրջաններում ապրում են կոմպակտ։ Մասնավորապես՝ Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերում հայերը պատմականորեն կազմում են մեծ համայնքներ եւ, ընդունված է համարել, որ հայերն այդտեղ իրենցից բավական լուրջ հասարակական կշիռ են ներկայացնում։

Բացի գավառներից, հայերը Ռուսաստանում բավական մեծ ազդեցություն ունեն մետրոպոլիաներում, կան այսպես ասած, «հայկական անձնակազմով» համադաշնային կազմակերպություններ մեդիա ոլորտում կամ առեւտրում, ֆինանսական ոլորտում ու արդյունաբերությունում (Մարգարիտա Սիմոնյան, Աշոտ Գաբրիելյանով, Ռուբեն Վարդանյան, Դանիլա Խաչատուրով և այլն):

Այս ամենով, հանդերձ, սակայն, ՌԴ 7-րդ գումարման պետական դումայի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ չկան (բացառությամբ, թերեւս, շատ հեռավոր հայկական արմատներ ունեցող Արթուր Չիլինգարովի)։ Այսպիսով, ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման պետական դումայի, որտեղ կար մեկ ազգությամբ հայ պատգամավոր՝ Հովհաննես Օհանյանը, ներկայիս ռուսական խորհրդարանում հայազգի պատգամավոր չկա։

Շուրջ 1,2 միլիոն ազգությամբ հայ բնակչության առկայության պայմաններում, այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ հայերը Ռուսաստանում հեռու են մղված քաղաքական գործընթացներից եւ հատկապես՝ օրենսդրական գործունեությունից։ Նման իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ Ռուսաստանում հայկական համայնքները չունեն միասնական քաղաքական-հասարակական օրակարգ, որով կկարողանան ավելի լսելի դառնալ դաշնության մակարդակով։ Բացի սա, հայկական համայնքները ՌԴ-ում ղեկավարվում են այնպիսի մարդկանց կողմից, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ եւ չեն ցանկանում իրենց գործարար շահերը եւ իշխանությունների հետ լավ հարաբերություններից առաջացած արտոնությունները հարվածի տակ դնել հանուն ազգային շահերի։ Հնարավոր է նաեւ տարբերակ, որ հենց նման անձանց կողմից վարվում է կոնկրետ քաղաքականություն՝ հայկական համայնքները քաղաքականությունից «հեռու պահելու» համար։

Կարծրատիպերը

Ընդունված է համարել, որ հայերը Ռուսաստանում ունեն այսպես ասած արտոնյալ կարգավիճակ եւ որ բարձր ու պատասխանատու պաշտոններում հաճախ նշանակվում են հայեր։ Իհարկե, կան բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, որոնք Ռուսաստանում լուրջ պաշտոններ են զբաղեցնում գործունեության տարբեր ոլորտներում, հիմնականում՝ կրթական, բիզնես, մշակութային եւ այլն։ Սակայն ՌԴ խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի պետական կառավարումից հայերը ամբողջովին դուրս են մղված։

Հ.Գ. Նշենք, որ Արթուր Նիկոլայի Չիլինգարովը խորհրդային եւ ռուսաստանցի բեւեռագետ եւ օվկիանոսագետ է, ԽՍՀՄ եւ ՌԴ հերոս: Հայկական սփյուռքի հետ կապված գործունեություն Չիլինգարովը գրեթե չի ծավալում եւ նրան հայկական կամ պրոհայկական գործիչ համարելը սխալ է։

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: