Հակիրճ՝ հայ-չինական հարաբերությունների մասին

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Մայիսի 25-ին Հայաստան է այցելելու Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Ինչպես հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, այցի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվելու են երկու միջազգային պայմանագիր։

Չինաստանի արտգործնախարարի այցին նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 14-15-ին կատարած աշխատանքային այցը Չինաստան, որի ընթացքում ՀՀ ղեկավարը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովինև երկկողմ հանդիպում ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ կոմյունիկեն ստորագրվել է 1992 թվականի ապրիլի 6-ին։

Այս ընթացքում՝ մինչև Փաշինյանի այցը, ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի, Հայաստանի ղեկավարները Չինաստան են այցելել չորս անգամ, ընդ որում՝ նաև պետական այցերով։

Մասնավորապես, առաջին անգամ Չինաստան պետական այց է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1996 թվականի մայիսին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով Չինաստան է այցելել 2004 թվականի սեպտեմբերին։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան է այցելել երկու անգամ։ Առաջինը աշխատանքային այց էր՝ 2010 թվականի մայիսին, երկրորդը՝ պետական այց՝ 2015 թվականի մարտին։

Չինաստանից Հայաստան երկրի առաջնորդի մակարդակով այց չի եղել, իսկ Չինաստանի արտգործնախարարները մինչ այս Հայաստան այցելել են երեք անգամ՝ 1996, 2004 և 2011 թվականներին։

Հայաստանի և Չինաստանի միջև, ըստ ՀՀ արտգործնախարարության հրապարակած տվյալների, գործում են 38 միջպետական համաձայնագրեր, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային, առողջապահական, ռազմարդյունաբերական, հարկային և մաքսային, դատաիրավական, տեխնիկատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Բացի սա, Հայաստանի և Չինաստանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում գործում են նաև բազմաթիվ հուշագրեր և միջպետական այլ փաստաթղթեր։

Չինաստանը Հայաստանի առևտրային կարևոր գործընկերներից է։ Այսպես, 2018 թվականի տվյալներով՝ Չինաստանից ներմուծված ապրանքները կազմել են Հայաստան ներմուծված ապրանքների ընդհանուր թվի 7․7 տոկոսը։ Հայաստանից արտահանման աշխարհագրության մեջ, ըստ 2018 թվականի պատկերի, Չինաստանի մասնաբաժինը կազմում է 4․4 տոկոս։ Հարկ է նշել, որ Հայաստանից Չինաստան է արտահանվում հիմնականում հանքանյութ, սակայն ներմուծվում է գրեթե ամեն ինչ՝ սկսած հագուստեղեն ու կոշկեղենից մինչև մեքենաշինական արտադրանք և սարքավորումներ։

Չինաստանում հայերի մասին հիշատակումները սկսվում են միջնադարից, սակայն ներկայում, ըստ որոշ աղբյուրների, Չինաստանում բնակվում է շուրջ հազար հայ, առկա է փոքրաթիվ հայկական համայնք։

Հայ-չինական մշակութային համագործակցության դրսևորումներից է 2018 թվականից Երևանում բացված Հայ-չինական բարեկամության դպրոցը, իսկ 2019 մայիսի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմ հաստատելու վերաբերյալ որոշում։

Ընդհանուր առմամբ, հայ-չինական հարաբերությունները կարևորագույն տեղ ունեն Հայաստանի արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում, և ՉԺՀ արտգործնախարարի երևանյան այցի ընթացքում սպասվող փաստաթղթերի ստորագրումը կարող է ցույց տալ, թե իրականում որքան է հնարավոր խորացնել երկկողմ համագործակցությունը:

Related Posts: