«Գիշերային գայլերը» Հայաստանում

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Սեպտեմբերի 8-ից 16-ը «Գիշերային գայլեր» ռուսական մոտոակումբի բայքերները և Ռուսաստանի մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիան մոտո և ավտոարշավ են անցկացրել Հայաստանի տարածքում: Արշավն անց է կացվում «Հայաստան 1718․ Արյունը ջուր չի դառնա» կարգախոսով։

Ովքե՞ր են «Գիշերային գայլերը»

«Գիշերային գայլեր» մոտոակումբը հիմնադրվել է 1989 թ. մայիսի 31-ին` դառնալով բայքերների առաջին պաշտոնական ակումբը ԽՍՀՄ տարածքում: «Գիշերային գայլերն» ամեն տարի մայիսի 9-ին սկանդալային երթեր է իրականացնում նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում և անգամ փորձում մուտք գործել արևելյան Եվրոպայի երկրներ, օրինակ՝ Լեհաստան և Սլովակիա։ Այս երթերն ունեն քաղաքական նրբերանգ, իրականցվում են ռուսական Գեորգիևյան ժապավեններով, ուստի զարմանալի չէ, որ այն երկրները, որոնց տարածքում իրականացվում են նմանատիպ երթեր, դրանք համարում են ռուսական իմպերիալիզմի դրսևորում։

«Գիշերային գայլեր» մոտոակումբը վայելում է Կրեմլի աջակցությունը և հստակ կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը բազմիցս հանրության առաջ է հայտնվել «Գիշերային գայլերի» առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովի հետ։ Այսպես, օրինակ, այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահը մոտոակումբի անդամների հետ Ղրիմում մոտոարշավի է մասնակցել։ Վրաստանում մոտոակումբի անդամները հայտնի են որպես «Կրեմլի մոտոցիկլավարներ», և նրանց մուտքը Վրաստան միշտ բուռն հանրային քննարկման առարկա է դառնում։ Վրաստանը միակ երկիրը չէ, որին դուր չեն գալիս «Գիշերային գայլերի» արշավները։ Չեխիայում «Գիշերային գայլերի» 2015 թվականի մոտոարշավը ևս լայն քննարկման առարկա էր դարձել, ինչպես նաև վերածվել «Գիշերային գայլերի» կողմնակիցների և հակառակորդների բախման։ 2015 թվականին Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Գիշերային գայլեր» ակումբի նկատմամբ, ընդ որում՝ վերջինս Կանադայի կառավարության փաստաթղթում անվանվում է «բայքերների բանդա»:

Հայ-ռուսական դարավոր բարեկամությո՞ւն, թե՞ իմպերիալիզմի հերթական դրսևորում

«Գիշերային գայլերի» այցելության անվանումը ուշագրավ է։ Ըստ լրատվամիջոցների, մոտոցիկլետային արշավը նվիրված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը։ «Հայաստան 1718․ Արյունը ջուր չի դառնա» անվանումը, թերևս, առաջին հայացքից ոչինչ չի ասում։ «Արյունը ջուր չի դառնա» ասացվածքը բարեկամների միջև արյունակցական կապի անխզելիության մասին է, որը, թերևս, այդ դեպքում ակնարկում է հայ-ռուսական «ստրատեգիական բարեկամության» մասին։

Ալեքսանդր Զալդոստանովը, մոտոարշավից բացի, Հայաստանում ներկայացրել է իր «Ռուսական ռեակտոր» ֆիլմը։ «Սպուտնիկին» տված հարցազրույցում Զալդոստանովը հայտարարել է․ «Ես երբեք Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբերություն չեմ դրել։ Քանի որ դրանք մի երկիր են եղել։ Հենց այդ մասին է իմ ֆիլմը»։ Ֆիլմն իրականում Ռուսաստանի պատմության մասին է՝ «Հոկտեմբերյան հեղափոխությունից» մինչև մեր օրերը, և առաջին անգամ ցուցադրվել է անցած աշնանը Սանկտ Պետերբուրգում։ Ավելին, ֆիլմը հերոսացնում է Ղրիմի միացումը ՌԴ-ին։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են «Կրեմլի մոտոցիկլավարները», որոնք միշտ քաղաքականացված ակցիաներ են իրականացնում, հենց այս պահին եկել Հայաստան իրենց ֆիլմով։ Դրդապատճառներն այնքան էլ պարզ չեն, սակայն տարօրինակ է, որ ռուսական հեգեմոնիայի գործիք հանդիսացող մոտոակումբը, որի մուտքը մի շարք երկրներ դառնում է հանրային քննադատության առարկա, գալիս է Հայաստան՝ առանց անգամ որևէ ուշադրության արժանանալու հանրության կողմից: Հարկ է նաև նշել, որ «Գիշերային գայլերի» հայաստանյան արշավը լուսաբանվել է միայն ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության կողմից։ Բացի դա, մոտոակումբի այցի մասին հրապարակում է կատարել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Ընդ որում, ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը բավական խրախուսական տոնով է, ինչը տարօրինակ է թվում հատկապես այն համատեքստում, որ բազմաթիվ երկրներ արգելում են Կրեմլի հետ փոխկապակցված այս բայքերների մուտքն իրենց տարածք։

Հ․Գ․

Ի դեպ, ինչ վերաբերում է «1718» թվին, ապա ուշագրավ է, որ այս մասին նշվում է միայն ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունում, «Սպուտնիկ Արմենիայի» նյութերում և մոտոարշավի մասին հայկական լրատվական կայքերի լուրերում։ Ոչ սոցցանցերում «Գիշերային գայլերի» խմբերում, ոչ նրանց պաշտոնական կայքում այս թիվը չի հիշատակվում, ուստի, բացակայում է նաև դրա բացատրությունը։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: