Ռուս-բելառուսական հարաբերությունների նոր երանգները

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններում հերթական սրացումն է նկատվում, ինչը կարող է ցնցումների առիթ դառնալ ինչպես եվրասիական ինտեգրացիոն կառույցներում, այնպես էլ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։

Խորը ինտեգրացիա

Սեպտեմբերի 6-ին ՌԴ և Բելառուսի վարչապետների կողմից ստորագրվել է մի ծրագիր, որի համաձայն՝ սկսած 2021 թվականից նույնականացվելու են երկու երկրների հարկային և քաղաքացիական օրենսգրքերը, արտաքին առևտրային ռեժիմները, միավորվելու են բանկային վերահսկողության համակարգերը, նավթի, գազի, էլեկտրաէներգիայի շուկաները և այլն։ Գործողությունների այս ծրագիրը բխում է դեռ 1999 թվականին Ռուսաստանի և Բելառուսի միջև ստորագրված՝ միասնական պետություն ստեղծելու մասին պայմանագրից։

Ըստ էության, վերը նշված ծրագիրը նշանակում է, որ բելառուսական տնտեսությունը կորցնելու է ինքնիշխանությունը և ամբողջովին միավորվելու է ռուսական տնտեսության հետ։ Սա, ընդ որում, միասնական պետության ստեղծման ճանապարհին կատարվող անհրաժեշտ քայլերի միայն մի մասն է։

Ուշագրավ է, որ միասնական պետության ստեղծման գործընթացի բավական երկար պասիվությունից հետո այդ մասին անցած տարվա դեկտեմբերին «հիշեցրել էր» ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ երկու երկրները պետք է «բովանդակությամբ լցնեն» վերոնշյալ պայմանագիրը։ Մեդվեդևի այդ հայտարարությունը հնչել էր օրեր անց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ասուլիսից, որի ժամանակ բելառուս առաջնորդն անընդունելի էր համարել Բելառուսի՝ Ռուսաստանի կազմ մտնելը։

Այս տարվա սեպտեմբերի սկզբին ՌԴ և Բելառուսի վարչապետների միջև ստորագրված ծրագիրը, ըստ ամենայնի, հենց այն «բովանդակությունն է», որի մասին ակնարկել էր Մեդվեդևը։ Բելառուսական կողմը, սակայն, թեև ստորագրել է այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, չի համակերպվում զարգացումների նման ընթացքի հետ, ինչի մասին են վկայում մի քանի գործոններ։

Խորը դիմադրություն

Նույն օրը, երբ ՌԴ և Բելառուսի վարչապետները ստորագրում էին տնտեսական ինտեգրման մասին փաստաթուղթը, Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական Բրեստ քաղաքում կոչ է արել Մոսկվային չճնշել Բելառուսին՝ միաժամանակ շեշտելով, որ Մինսկը չի պատրաստվում դավաճանել Ռուսաստանին կամ փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ սկսած անցած տարվա դեկտեմբերի վերջից Բելառուս են այցելում տարբեր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ այցերից ամենակարևորներից մեկը, թերևս, այս տարվա օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր։ Ինչպես նշվում էր այցի վերաբերյալ Բելառուսում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, Մինսկում քննարկվել էին տարածքային անվտանգության և Բելառուսի ինքնիշխանության հետ կապված հարցեր, իսկ ինքը՝ Բոլթոնը, այցի արդյունքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Բելառուսի ինքնիշխանությանը։

Արդեն պաշտոնանկ եղած Բոլթոնից հետո սեպտեմբերի 17-ին Բելառուս է այցելել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը։ Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի պատկերացնում Արևելյան Եվրոպայի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունների կարգավորումն առանց ԱՄՆ-ի։

Խորը մարտավարություն

Այսպիսով, ինչպես երևում է վերը նկարագրված պատկերում, ՌԴ և Բելառուսի ընդհանուր պետության շուրջ «բովանդակային» զարգացումների ֆոնին Մինսկը զարգացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, իսկ Լուկաշենկոն հայտարարում է Բելառուսի արտաքին քաղաքական բազմավեկտորության մասին։

Որոշակի լարվածություններն ու նույնիսկ բավական թեժ սրացումները, ընդհանուր առմամբ, բնորոշ են ռուս-բելառուսական հարաբերություններին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ բելառուս առաջնորդն ունի բավական էմոցիոնալ արտահայտվելու սովորություն։ Սակայն նախկինում նման երևույթները ծառայեցվում էին ռուս-բելառուսական հարաբերությունների պակաս կնճռոտ ուղղություններին։ Օրինակ՝ Մինսկից կարող էին Մոսկվայի հասցեին հնչել դժգոհություններ ու մեղադրանքներ, որոնց արդյունքում բելառուսական կողմը Մոսկվայից պահանջում ու հաճախ ստանում էր գազի ավելի ցածր սակագին, լրացուցիչ արտոնություններ։ Այս մարտավարությունը, կարելի է ասել, փոփոխություն է կրում սկսած անցած դեկտեմբերից, երբ Մոսկվան՝ ի դեմս Մեդվեդևի, «հիշեցրեց» միասնական պետության մասին, և այդ ուղղությամբ լուրջ քայլ կատարեց։ Արդյունքում Բելառուսը ներկայում, ի հակադրություն Մոսկվայի կողմից ճնշման, օգտագործում է ոչ միայն էմոցիոնալ հայտարարություններ, այլ խաղի մեջ է ներքաշում այլ կողմի՝ ԱՄՆ-ին, ինչը, անկասկած, անհետևանք չի մնալու թե՛ ռուս-բելառուսական հարաբերությունների, թե՛ տարածաշրջանի, թե՛ եվրասիական ինտեգրացիոն կառույցների համար։

Ինչ վերաբերում է այս կառույցներին, ապա առաջիկա միջոցառումների ընթացքում, այդ թվում՝ հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, պետք է սպասել որոշակի զարգացումների։ Հայաստանն իրերի նման դրության պարագայում պետք է կարողանա բալանսավորված քաղաքականություն վարել և դիվիդենտներ քաղել սպասվող լարվածությունից։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: