Դանիել Իոաննիսյանի ելույթը՝ Կուսակցությունների մասին օրենքի խորհրդարանական լսումների ժամանակ • ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, տիկնայք և պարոնայք,

Սա կարևորագույն հարց է, և ես ուրախ եմ, որ հեղափոխությունից հետո, ի վերջո, Կուսակցությունների մասին օրենքը դարձավ հանրային քննարկման առարկա:

Հայաստանի Հանրապետությունում կուսակցական համակարգը տարիների ընթացքում սպանվել է: Հայաստանի Հանրապետությունում կուսակցական համակարգ համարյա չկա: Կուսակցությունների ինստիտուտի նկատմամբ հանրային վտահությունը, տարբեր տվյալներով, 2-5 տոկոս է:

Այս խորհրդարանի ֆունկցիան է լուծել այս խնդիրը՝ կերտել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում: Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, ապա մենք երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն:

Այն միջազգային փորձը, որն այստեղ մեջբերվում է, 90 տոկոսով ռելևանտ չէ Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Բերեք այն երկրների օրինակը, որոնցում ոչ կուսակցական ուժերի կողմից կատարվել է ժողովրդավարական տրանսֆորմացիա, և որտեղ հետո ձևավորվել է կուսակցական համակարգ, և ոչ թե տասնամյակների ընթացքում կուսակցական համակարգ ձևավորած երկրների օրինակը:

Ես սա ասում եմ, որովհետև մենք պետք է հստակ հասկանանք, որ ոչ թե կուսակցությունների ինստիտուտը պետք է զարգացնենք, այլ պետք է ստեղծենք այն:

Կուսակցությունների ինստիտուտի ստեղծման հիմնական լծակներից մեկը դրանց հանրային ֆինանսավորումն է: Բոլորս ենք համակարծիք, որ պետական ֆինանսավորումը պետք է արմատապես ավելացնել, բայց ի՞նչ մեխանիզմով որոշենք, թե որ կուսակցությունը որքան գումար պետք է ստանա:

Եվ միանգամից պետք է արձանագրեմ, որ հանրային ֆինանսավորման թե՛ գործող և թե՛ առաջարկվող մեխանիզմներն իրարից արմատապես չեն տարբերվում, երկուսն էլ ենթադրում են, որ ֆինանսավորումը կապված է վերջին ընտրությունների արդյունքների հետ և նոր ուժերին հնարավորություն չի տալիս զարգանալ ու մտնել քաղաքականություն:

Միգուցե «Իմ քայլին» ձեռնտու է մրցակցության մեջ լինել հին ուժերի հետ: Բայց ես չեմ ուզում հավատալ, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը այդ շահը կգերադասի հանրային ու պետական շահից:

Ասեմ, թե ինչ ենք մենք առաջարկում: Մենք առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընձեռել հնարավորություն, որ այցելելով հարկային կամ որևէ այլ մարմին՝ կարողանան ինքնուրույն որոշել, թե իրենց վճարած հարկի որոշակի, ասենք, 0.2 տոկոսը որ կուսակցությանը ուղղվի:

Այս կարգավորմամբ մենք կլուծենք 3 խնդիր.

Նախևառաջ, քաղաքացին հնարավորություն կստանա ազդել քաղաքականության վրա ոչ միայն ցույցերի, փակվող փողոցների ու 5 տարին մեկ ընտրությունների միջոցով:

Երկրորդ, ի վերջո կիմանանք, թե կուսակցությունը քանի իրական համակիր ունի: Ոչ թե քանի ստորագրություն կարող է հավաքել, այլ քանի համակիր ունի, որոնք էքսկլյուզիվորեն հենց այդ կուսակցության համակիրն են: Եվ միգուցե հնարավոր կլինի համապատասխան կարգավորումներ ներմուծելով կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք չեն ունենա նույնիսկ, ասենք, 50 կամ 100 այդպիսի համակիր:

Երրորդ, և, ամենակարևորը, այս կարգավորմամբ մենք դուրս կգանք կուսակցությունների ֆինանսավորման փակ շղթայից: Ընտրություններում լավ արդյունք ստանալու համար պետք է փող, իսկ փողի համար պետք է ընտրություններում լավ արդյունք ունենալ: Այս մեխանիզմով զարգացման հնարավորություն կտանք նաև այն կուսակցություններին, որոնք ԱԺ վերջին ընտրություններին չեն մասնակցել կամ էական ձայն չեն ստացել:

Հայեցակարգում այս մեխանիզմի մասով նշված է, որ այն պարունակում է ռիսկեր և կարող է կիրառվել տարիներ անց, երբ ներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրումը: Ո՛չ, ո՛չ և նորից ո՛չ: Այս մեխանիզմը պետք է կիրառվի հենց հիմա, հենց այսօր:

5-10 տարի հետո այդ մեխանիզմը էլ պետք չի, անկախ նրանից այժմ կընդունվի, թե ոչ: Տարիներ հետո մենք կամ կունենանք կայացած կուսակցական համակարգ և կկարողանանք ֆինանսավորումը կապել վերջին ընտրությունների հետ, կամ չենք ունենա կուսակցական համակարգ և այլևս էական չի, թե ինչ կսահմանենք:

Այս մեխանիզմի ռիսկերը շատ էլ լավ կառավարելի են: Կարդացեք քրեական օրենսգիրքը և կպատկերացնեք, թե ինչ իրավակարգավորումներ կարող եք կառավարել այդ ռիսկը: Ավելին, խիստ կասկածում եմ, որ սա գրողները կարող են բացատրել, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրումը ինչ կապ ունի եկամտային հարկի մի մասը որոշակի կուսակցությանը ուղղելու մեխանիզմի հետ:

Տիկնայք և պարոնայք, այս հայեցակարգը չի արտահայտում հեղափոխության տրամաբանական շարունակությունը և հայկական իրականությունը: Այս հայեցակարգը կողջունվի միջազգային հանրության կողմից և չի լուծի Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների ինստիտուտի բացակայության խնդիրը:

Related Posts: