Դանիել Իոաննիսյանի ելույթը Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին նվիրված խորհրդարանական լսումներին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ելույթը Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին նվիրված խորհրդարանական լսումներին․

«Պարոն Եղոյան, Ձերդ գերազանցություն պարոն Մարագոս, հարգելի գործընկերներ,

Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել այս լսումները նախաձեռնելու համար: Սա շատ կարևոր ֆորմատ է, որն այս գումարման խորհրդարանը, կարծես, այդքան էլ չի սիրում:

Գիտեք, ես ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը ստեղծվեց 10 տարի առաջ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձի ֆոնին: Այո, հենց այսօր ԻՔՄ-ի ծնունդն է, մենք 10 տարեկան ենք դառնում: Եվ շատ սիմվոլիկ է, որ 10 տարի անց Հայաստանը սկսեց վերադառնալ այն ճանապարհին, որից շեղվել էր համազգային խայտառակության այն օրերին:

Խայտառակություն, որին գնացինք միմիայն այն պատճառով, որ հույս ունեինք, որ եթե դա էլ տանք Ռուսաստանին, ապա վերջինս կպաշտպանի Արցախը և Հայաստանը: Այն ժամանակ հայաստանյան հասարակությունը դեռ չէր հասկանում, որ որքան շատ ես կախման մեջ մտնում Ռուսաստանի նման պետությունից, այնքան շատ է նա քեզ դավաճանելու հնարավորություն ստանում:

Բայց այս ամենն արդեն պատմություն է, որը նաև կարևոր դաս է մեզ համար, որ մեզ պետք են դաշնակիցներ և ոչ փրկիչներ:

Եվ սա մենք պետք է մեր գլխում լավ պատկերացնենք: ԵՄ ինտեգրացիան լավ և պայծառ հնարավորությունների ուղղի է: Բայց մեր գլխին ոսկի կամ մեղր չի թափվելու, եվրոպական բանակներն էլ մեր սահմաններին չեն կանգնելու:

Եվրոպական միությունը մեզ քրտնաջան աշխատելով զարգանալու հնարավորություն է տալու: Զարգացնել տնտեսությունը, զարգացնել մարդկային կապիտալը, մարդու իրավունքները և անվտանգություն: Օգնելու են, բայց դա պետք է անենք մենք, մեր քրտնաջան աշխատանքով:

Արդյո՞ք ԵՄ-ն մեզ կօգնի, օրինակի համար, որ մեր սննդամթերք արտադրողները բարձրացնեն սննդամթերքի անվտանգության որակը: Այո, օգնելու է: Բայց արդյո՞ք ԵՄ-ն կընդունի մեր արտադրած սննդամթերքը, եթե մեր արտադրողները ջանք չգործադրեն փոխվելու: Ո՛չ:

Արդյո՞ք ԵՄ-ն մեզ կօգնի, որ ոստիկանությունը բարեփոխվի: Այո, օգնում է: Բայց արդյո՞ք կարող ենք ինտեգրվել ԵՄ-ին, եթե մեր ոստիկանությունում մարդ ծեծելը խրախուսվում է: Իհարկե՝ ոչ:

Սա, որոշակիորեն, նման է մարդու բուհ ընդունվելուն: Լավ բուհ ընդունվելը դժվար է, պետք է պարապես, սովորես, զարգանաս, հետո բուհում տարիներով քրտնաջան սովորես… Բայց դա է կյանքում մեծ հաջողությունների ճանապարհը: Կարող ես չտանջվել, կարող ես դպրոցից հետո մի տեխնիկում ավարտել ու մի կերպ ապրել: Դա էլ է ճանապարհ, Բելառուսի ճանապարհն էլ է ճանապարհ:

Գիտեք, այստեղ շատ է խոսվում Ռուսաստանից վախերի մասին: Այո, Ռուսաստանը և Իրանը երջանիկ չեն Հայաստանի եվրաինտեգրման կուրսով: Բայց սա մեր ճանապարհն է, որը պետք է հարգել:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կփորձի մեզ պատժել իրենից անկախանալու համար: Բայց համարյա բոլոր արհավիրքները, որ Ռուսաստանը կարող էր մեր գլխին բերել, արդեն եղել են. Արցախը չկա, իսկ Ադրբեջանին Ռուսաստանն արդեն երկու տարի է, ամեն կերպ սադրում է հարձակվելու Հայաստանի վրա: Էլ ի՞նչ պետք է անի:

Բարեբախտաբար, չարիք հանդիսացող Ռուսաստանը չունի իր վաղեմի ուժն ու ազդեցությունը: Ռուսաստանը, որը կար 2022 թվականի փետրվարից առաջ, այլևս չկա: Ռուսաստանն այլևս ջարդած ատամներով է: Ուկրաինայի կողմից ջարդված ատամներով, որի արդյունքում չի կարող հասցնել այն վնասը, որը կկարողանար հասցնել նախկինում:

Այո, կարող է գազը թանկացնել: Այո, կարող է մեր սննդամթերքի ներմուծումը արգելել: Եվ այս ռիսկերի մասով պետք է աշխատել: Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան շատ լուրջ հարց է, որը ակնհայտորեն վեր է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարողություններից, և այդ հարցով արժե առանձին լսում կազմակերպել:

Իսկ ահա սննդամթերքի մասով կառավարությունը պետք է օր առաջ խստացնի սննդամթերքի անվտանգության նկատմամբ հսկողությունը, և, այո, ցավոտ լուծումների գնա: Այսօր, քանի դեռ դանակը կոկորդին չի հասել, պետք է խիստ վարչարարությամբ բարձրացվի սննդամթերքի անվտանգության որակը: Առաջին հերթին դա պետք է մեզ, մենք ենք ամենաշատը այդ սննդամթերքը ուտում, բայց դա նաև պետք է նրա համար, որ Ռուսաստանի կողմից ներմուծումը արգելելու պահից արտադրողները հեշտ թեքվեն դեպի եվրոպական շուկաներ:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Առնչվող