Ստամբուլյան կոնվենցիայի մասին կեղծիքներն ու ընտանեկան բռնությունը

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Այս օրերին Հայաստանում քննարկվող ամենաակտուալ հարցերից է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որն առավել հաճախ կոչվում է պարզապես Ստամբուլյան կոնվենցիա՝ այն քաղաքի անունով, որտեղ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2011 թվականին։ Կոնվենցիայի թեման Հայաստանում դարձել է բազմաթիվ մանիպուլյացիաների և փաստերի խեղման առիթ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Հայաստանում գրանցվել են ընտանեկան բռնության և կնասպանության մի շարք աղմկահարույց դեպքեր։

Ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան

Ստամբուլյան կոնվենցիայի համաձայն, պետությունը պետք է պատասխանատու լինի կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնություն կատարողին պատասխանատվության ենթարկելու համար:

Ինչպես ասվում է դեռ 2019-ի մայիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրազեկող հրապարակման մեջ, Ստամբուլյան կոնվենցիայով ենթադրվում է նաև, որ պետությունը պետք է նպաստի կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը և կանխարգելի բռնությունը կանանց նկատմամբ` խթանելով կոնֆլիկտները փոխադարձ հարգանքի միջոցով և առանց բռնության լուծելու գաղափարը, պետք է հետաքննի բռնության մասին բոլոր պնդումները և պատասխանատվության ենթարկի բռնարարներին, ինչպես նաև պաշտպանի և աջակցի նրանց, ովքեր բռնության են ենթարկվում։

Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիային միացել է 2018 թվականի հունվարին, իսկ ՀՀ նախկին կառավարությունը կոնվենցիան ստորագրելու հավանություն էր տվել դեռ 2017-ի դեկտեմբերի վերջին՝ որոշ վերապահումներով, մասնավորապես՝ կապված զոհերի փոխհատուցման, բռնության դեպքերի հետաքննական ընթացակարգերի, ֆիզիկական բռնության ծանրության աստիճանի, հարկադիր ամուսնության վաղեմության հարցի, ինչպես նաև բռնության զոհերի կացության կարգավիճակի հետ։

Ուշագրավ է, սակայն, որ ներկայում Ստամբուլյան կոնվենցիայի ընդդիմախոսների շարքում են 2018 հունվարին իշխող թիմի մաս կազմող անձինք, որոնք իրենց քննադատության հիմքում դնում են ոչ թե վերոնշյալ վերապահումները, այլ մի շարք մանիպուլյատիվ և երբեմն նույնիսկ աբսուրդային թեզեր։

Ինչպե՞ս սկսվեց աղմուկն այս հարցի շուրջ

Թեև Ստամբուլյան կոնվենցիայի մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակումը եղել էր դեռ մայիսին, Ստամբուլյան կոնվենցիայի մասին ակտիվ խոսակցությունները Հայաստանում սկսվեցին հուլիսից՝ որոշ իրադարձություններից հետո։ Մասնավորապես, հունիսի 29-ին «Հետքը» հրապարակեց Հայաստանում սեռական բռնության ենթարկված Էվա անունով չեխ աղջկա պատմությունը, որից հետո Ֆեյսբուքի հայկական տիրույթում հայտնի բլոգեր Լյուսի Քոչարյանը սկսեց սեռական բռնության ենթարկված անձանց  անանուն պատմություններ հրապարակել իր էջում։ #բռնության­­_ձայնը հեշթեգով այս ֆլեշմոբը քննարկման առարկա դարձրեց հայաստանյան հասարակության մեջ սեռական բռնության դեպքերի ցավալի երևույթը, սակայն որոշ ժամանակ անց ոմանց կողմից առիթ դարձավ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մանիպուլյատիվ և ստահոդ տեղեկություններ տարածելու համար։ Որպես այս գործի առաջամարտիկներ հանդես եկան դեռևս ԱՄՆ լաբորատորիաների մասին կեղծիքներով հայտնի Հայկ Այվազյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև այլ անձինք,  կազմակերպություններ և քաղաքական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, վերջինների դիրքորոշումը հետևյալն է՝ Ստամբուլյան կոնվենցիան ուղղված է հայ ավանդական ընտանիքի դեմ, հակասում է Սահմանադրությանը և ենթադրում է երրորդ սեռի գոյություն։ Ընդ որում, բոլոր այս ուժերը ՀՀ իշխանություններից պահանջում են չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ չնայած նրան, որ ներկայում ո՛չ կառավարության և ո՛չ էլ խորհրդարանի օրակարգում նման հարց չկա։ Ավելին, ՀՀ արդարադատության նախարարությունը այս կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որով պարզաբանել է, որ Ստամբուլյան կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը։ «Կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները»,- մասնավորապես, ասվում է ԱՆ հայտարարության մեջ։

Ցավալի իրավիճակը

Մինչև շարունակվում են Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումները, Հայաստանում շարունակվում են ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերը։ Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության տվյալների, 2019 թվականին Հայաստանում գրանցվել է կանանց սպանության 11 դեպք։ Նրանք բոլորը սպանվել են իրենց հարազատների՝ ամուսինների, զուգընկերների կամ որդիների կողմից։ Ցավալի զուգադիպությամբ, դեպքերից երկուսը գրանցվել են հուլիսի 18-ին և 19-ին՝ հենց այն օրերին, երբ ակտիվորեն քննարկվում էր Ստամբուլյան կոնվենցիայի հարցը։

Այս վիճակագրությունը, ինչպես նաև ոլորտում կատարված բազմաթիվ հետազոտությունները, վկայում են այն մասին, որ ընտանեկան բռնության կանխարգելման և հետաքննման համար պետության գործադրած ջանքերը բավարար չեն այս ցավալի երևույթը հաղթահարելու կամ գոնե նվազեցնելու համար, իսկ ոլորտում առկա օրենսդրական բացերը խոչընդոտում են խնդիրների լուծումը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: