Դանիել Իոաննիսյանի ելույթը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2019թ․ համաժողովի 10-րդ նիստին • ՏԵՍԱՆՅՈՒԹ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Տասնամյակներ շարունակ Հայաստանը եղել է մի խումբ կոռումպացված անձանց կողմից զավթված երկիր: Այդ զավթումն արտահայտված էր տարբեր դե-յուրե անկախ ինստիտուտների ապօրինի վերահսկմամբ: Զավթված ինստիտուտներից մեկը, երևի ամենակարևորը, դատական իշխանությունն էր:

Տասնամյակներ շարունակ դատարաններն ամբողջությամբ վերահսկվել են գործադիր իշխանության մարմինների և մասնավորապես՝ նախագահների կողմից: Որևէ դատարան երբեք չէր կայացրել գեթ մեկ որոշում, որը էապես կհակասեր երկիրը զավթած կոռուպցիոներների խմբակային շահերին:

Դատարանների զավթման արտահայտման օրինակները շատ են, դրանց մասին նախկինում շատ է խոսվել այս դահլիճում և ես չեմ ուզենա կրկնվել:

2018 թվականի ժողովրդավարական փոփոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներով ձևավորվեց գործադիր, իսկ ապա օրենսդիր իշխանություն: Սակայն փոփոխությունը չհասավ դատական իշխանությանը:

Իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը պատասխանատվություն չեն կրում դատարանների կայացրած որոշումների համար, սակայն պատասխանատու են դատական բարեփոխումների և դատարանների ինստիտուցիոնալ անկախության ապահովման մեխանիզմների ներդրման համար:

Վրաստանի, Ուկրաինայի և ժողովրդավարական անցում ապրած այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դատական ռեֆորմը իրոք ամենադժվարն է: Սակայն ես նաև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունները բավականին ուշացրեցին դատական ռեֆորմի մեկնարկի հարցում: Այն գործնականում սկսվեց մի քանի ամիս առաջ, այնինչ կարող էր սկսվել դեռևս անցյալ տարի:

Հայաստանում խիստ անհրաժեշտ է դատարանների բարեփոխումը: Դատական համակարգը պետք է ազատվի թե՛ կոռումպացված իշխանությունների հրահանգները կատարած անձանցից և թե՛ դատական անկախությունը ոտնահարող ավանդույթներից: Դա պետք է անել այնպես, որ այլևս երբեք որևէ մեկը չկարողանա զավթել դատական իշխանությունը:

Եվ ինձ համար քիչ զարմանալի է, որ դատական իշխանությունը զավթած նախկին իշխանության ներկայացուցիչներն այս դահլիճում խոսում են դատական իշխանության անկախության բացակայության մասին: Զավեշտալի է, որ դատական համակարգի խնդիրների մասին է խոսում մի մարդ, որն անձնապես պատասխանատու է եղել դատական համակարգի անկախության երաշխավորման համար, որը փաստացի եղել է լիարժեք վերահսկողության ներքո:

Հակիրճ հավելեմ նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, որն այժմ գտնվում է նախնական կալանքի տակ և որի դատավարությունը ռուսական քարոզիչների և մեր նախկին իշխանությունների կողմից որակվում է որպես քաղաքականապես մոտիվացված: Իհարկե, պարոն Քոչարյանը պետք է օգտվի արդար դատավարության իրավունքից, սակայն մենք խոսում ենք մի մարդու մասին, որը խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել է տանկեր: Ներեցեք, բայց խաղաղ ցուցարարների դեմ զինված ուժեր կիրառելու համար դատական հետապնդումը չի կարող համարվել քաղաքականապես մոտիվացված:

Դանիել Իոաննիսյան

Похожие записи: