Դանիել Իոաննիսյանի ելույթը՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի լսումներին

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկյան հանձնաժողովում կայացան «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով լսումներ։ Միջոցառմանը, որպես «վկաներ», ելույթով հանդես եկան «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Գերմանական Մարշալ հիմնադրամի առաջատար գիտաշխատող Ջոնաթան Դ․ Կացը, «Ալիք մեդիայի» հիմնադիր ու գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը։ Հելսինկյան հանձնաժողովն ԱՄՆ կառավարական մարմին է և բաղկացած է 9 սենատորներից, 9 կոնգրեսականներից և գործադիր իշխանության 3 ներկայացուցիչներից։

Ստորև ներկայացնում ենք Դանիել Իոաննիսյանի ելույթի խոսքը՝ ամբողջությամբ.

«Տասնամյակներ շարունակ Հայաստանում հետևողականորեն ոչնչացվել են ժողովրդավարական հաստատությունները: Բոլոր պետական մարմինները ծառայում էին մի խումբ մարդկանց, որոնք իշխանությունն իրենց ձեռքում էին պահում կեղծված ընտրությունների միջոցով, լայնածավալ պրոպագանդայի և համատարած ապատիայի պայմաններում: Ըստ էության, այս վիճակը «պետության զավթման» վառ օրինակ էր:

2018 թվականի գարնանը, դժգոհ լինելով ժողովրդավարության ոտնահարման հերթական փորձից և ցանկանալով հակազդել կոռուպցիային, Հայաստանի քաղաքացիներն իրականացրին ժողովրդավարական ու խաղաղ հեղափոխություն:

Հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած անձինք, սակայն, չկորցրին այն ահռելի ֆինանսական ու մեդիա ռեսուրսները, որոնց տիրապետում էին: Ունենալով նաև Ռուսաստանի ակնհայտ աջակցությունը՝ նրանք ակտիվ քարոզչություն սկսեցին լիբերալ ժողովրդավարության դեմ՝ այն հակադրելով անվտանգությանը:

Այդ քարոզչությունն այնքան ակտիվ է, որ ստիպում է իշխանություններին շեղվել լիբերալ ժողովրդավարության գաղափարից և այդ կերպ ապացուցել, որ հարգում է անվտանգության կարևորությունը: Խոսքն այստեղ վերաբերում է ոչ թե իրական անվտանգությանը, այլ ազգայնական և ուռա-հայրենասիրական հռետորաբանությանը։

Հայաստանն այժմ ունի ժողովրդավարության ամրապնդման կարիք, որպեսզի լիբերալ ժողովրդավարության արժեքները չնահանջեն: Այդ պատճառով աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը կարևոր է, բայց ոչ բավարար:

Ինչպես արդեն նշեցի, նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտում են ժողովրդավարական տրանսֆորմացիային: Այդ խմբերը շարունակում են տնօրինել կոռուպցիոն եղանակով ձեռք բերված ահռելի ֆինանսական միջոցների և չափազանց արդյունավետ են գործում կիբեր և ինֆորմացիոն դաշտում՝ ունենալով նաև Ռուսաստանի աջակցությունը:

Այս առումով նշեմ, որ շատ արդյունավետ կլինի սառեցնել Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցները ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Անշուշտ այս ամենը պետք է արվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ լիարժեք հարգանքով։

Սակայն նախկին իշխանության կոռումպացված ներկայացուցիչներին չեզոքացնելը բավարար չէ։ Կարևոր է նաև աջակցել Հայաստանում ժողովրդավարական անցումն առավել ամբողջական և համապարփակ դարձնելուն:

Շատ կարևոր է, որ Հայաստանում զարգանան անկախ դատական համակարգը և արդյունավետ իրավակիրառությունը: Այս առումով իրավապահ համակարգի առավել թույլ կողմերից է կոռուպցիայի, կիբեր հանցագործությունների ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կարողությունների բացակայությունը:

Այս ոլորտներում իրավապահ ու դատական համակարգի կարողություններն այնքան թույլ են, որ շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել արդյունավետ քրեական հետապնդում՝ հետաքննող լրագրողների ու այլ «վոչդոգերի» կողմից արդեն կատարված հետաքննությունների հիման վրա:

Արդյունքում, նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչները օրենքների ոտնահարմամբ և ֆինանսական ու կիբեր հանցագործությունների միջոցով լայնածավալ արշավ են իրականացնում ժողովրդավարական փոփոխությունների դեմ և մնում են անպատիժ միայն այն պատճառով, որ իրավապահ համակարգի ու դատախազության ոչ բավարար կարողությունները, ինչպես նաև դատարանների ոչ բավարար անկախությունը թույլ չեն տալիս արձագանքել այդ հանցանքներին:

Հայաստանի իշխանությունները, թեև կիսում են ժողովրդավարական արժեքները, սակայն բավականին անփորձ են: Եվ այս առումով նախկին կոռումպացված ռեժիմին հաջողվում է, հակադրելով անվտանգությունը լիբերալ ժողովրդավարությանը և ազդելով հանրային կարծիքի վրա, ստիպել իշխանություններին՝ դանդաղեցնել ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Հարկ եմ համարում նշել, որ թե՛ բարեփոխումների առավել արդյունավետության և թե՛ լիբերալ ժողովրդավարության գաղափարից չնահանջելու առումով խիստ կարևոր է, որ բարեփոխումների գործընթացը լինի ներառական, և դրանում ներգրավվեն այն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ առաջ են մղել ժողովրդավարական արժեքները:

Այսօր Հայաստանն ունի բացառիկ ու եզակի հնարավորություն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել լիբերալ ժողովրդավարության սկզբունքները: Այդ նպատակով պետք է նաև Հայաստանին աջակցել Ռուսաստանից հնարավորինս չափ անկախ լինելու հարցում: Այս դահլիճում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանին դուր չի գալիս իր հարևանությամբ ընթացող ժողովրդավարացման որևէ գործընթաց:

Իսկ Ռուսաստանից անկախությունը կարող է աճել, եթե Հայաստանում զարգանան բնական գազի վրա չհիմնված էլեկտրաէներգիայի արտադրությունը և ենթակառուցվածքները: Դա կօգնի նվազեցնել ռուսական գազի ազդեցությունը, ինչպես նաև Ռուսաստանից մասնակիորեն հետ բերել հայ աշխատանքային միգրանտներին, որոնք ևս Կրեմլի համար լրացուցիչ լծակ են Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»։

Похожие записи: