Ու՞մ և ումի՞ց է պաշտպանելու ռուս-հայկական համատեղ ՀՕՊ-ը

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը: Պայմանագիրը ստորագրվել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջեւ:

Պահպանության տեղամասում՝ Կովկասում, օդային տարածքի համատեղ պաշտպանություն: Այսինքն, ըստ նոր պայմանագրի, հայկական եւ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է համատեղ արձագանքեն Հայաստանի օդային սահմանում արձանագրվող միջադեպերին: Նմանատիպ պայմանագիր Ռուսաստանն ունի Բելառուսի հետ, համապատասխան պայմանավորվածություններ կան Ղազախստանի հետ, բանակցություններ են վարվում Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ:

Իսկ Վրաստանի՞ օդը

Համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վերաբերյալ պայմանագրից հետո Հայաստանում շատերի մոտ հարց առաջացավ ռուսական 102-րդ ռազմաբազայի գործառույթների մասին: Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղակայված ռազմական կայանն բացի ցամաքային ուժերից, ունի նաեւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը: Այսինքն՝ առանց վերոնշյալ նոր պայմանագրի էլ՝ ենթադրվում էր, որ Ռուսաստանը, հարկ եղած դեպքում, կարող է արձագանքել Հայաստանի օդային տարածքում գրանցվող միջադեպերին: Մանավանդ՝ եթե հայկական օդային տարածքները խախտվում են Թուրքիայի կողմից:

Այս պարագայում, կա մեկ այլ վտանգ: Եթե պայմանագիրն իրոք ենթադրում է Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանության իրականացում, ապա հարց է ծագում, թե որքանո՞վ է դա վերաբերվում Վրաստանի օդային տարածքին… Ռուսաստանը, ինչպես հայտնի է, Վրաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ է և տեսականորեն չի բացառվում 2008 թվականի պատերազմի վերսկսումը:

Այդ պարագայում, ըստ պայմանագրի, ստացվում է, որ Հայաստանի հակաօդային ուժերը պետք է ներգրավվեն Վրաստան մտած ռուսաստանյան զորքերի հակաօդային պաշտպանությանը… վրացական ինքնաթիռներից պաշտպանությանը, որը կենթադրի պատերազմի հայտարարում Վրաստանին:

Թուրքական ուղղաթիռները

Հոկտեմբերի սկզբերին՝ թուրք-սիրիական օդային սահմանը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ավիացիայի կողմից խախտելու դեպքերի ֆոնին՝ թուրքական ուղղաթիռները երկու օր անընդմեջ խախտել են Հայաստանի օդային սահմանը: Մասնավորապես, ինչպես հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տեւողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Հայկական կողմի արձագանքն այս միջադեպին սահամանափակվել է այնքանով, որ նույն քաղավիացիայի վարչությունը դիմել է թուրքական կողմին՝ իմանալու ինքնաթիռների՝ սահմանը հատելու նպատակները, ինչին ի պատասխան՝ Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: Ռուսական պատասխան՝ ընդհանրապես չի եղել:

Կոնկրետ թուրքական ուղղաթիռների հետ կապված այս դեպքը ցույց է տալիս, որ ոչ ռուսական ռազմաբազայի առկայությունը Գյումրիում, ոչ ռուսական ռազմական ավիացիայի առկայությունը «Էրեբունիում» թուրքական կողմին հետ չեն պահում օդային սահմանը խախտելուց: Ավելին՝ այդպիսի գործողություններից հետո Թուրքիան ոչ մի քաղաքական գնահատականի չի արժանանում՝ ոչ հայկական, ոչ ռուսական կողմերից: Թե ինչքանո՞վ թուրքերին Հայաստանի օդային սահմանը խախտելուց հետ կպահի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը՝ հայտնի չէ: Սակայն այն, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ունեցած իր հաշիվները կարող է տեղափոխել Հայաստան, ծայրաստիճան մտահոգիչ է:

Այսինքն իրական վտանգ կա, որ Հայաստանը կարող է պատմության մեջ ևս մեկ անգամ դառնալ ռուս-թուրքական հակամարտության թաթերաբեմ, ինչը, փորձը ցույց է տալիս, վատ է պրծնում:

Հ.Գ. Սակայն Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին խոսելուց միշտ պետք է հիշել, որ 1994-ի Բուդապեշտյան համաձայնագրով Ռուսաստանը նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն է և դա չխանգարեց այդ երկրում գտնվող ռուսական զորքերին զենք բարձրացնել հենց ուկրաինացիների դեմ:

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող