Անփոփոխ հեռախոսային զրուցընկերը․ Նիկոլ Փաշինյանի միջպետական հեռախոսազրույցների վիճակագրությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ինտենսիվ հեռախոսային կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ընդհանրապես, ուսումնասիրելով երկրի ղեկավարի պաշտոնական հեռախոսազրույցների վերաբերյալ տվյալները, կարելի է որոշակի պատկերացում կազմել կոնկրետ ժամանակաշրջանում տեղի ունեցող զարգացումների, առաջնահերթությունների և մարտահրավերների մասին:

Նախկինում մեր այս երկու հրապարակումներում (առաջին, երկրորդ) արդեն անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած պաշտոնական հեռախոսազրույցներին: Այս հրապարակմամբ կշարունակենք վեր հանել հեռախոսազրույցների վիճակագրությունը՝ սկսելով վերջին հրապարակման օրից: Ըստ այդմ, ստորև ներկայացված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հեռախոսազրույցների վիճակագրությունը՝ 2021 թվականի փետրվարի 16-ից մինչև սույն հոդվածի հրապարակման պահը:

Ընդհանուր տվյալներ

Համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրությունների՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ունեցել է 54 հեռախոսազրույց:

Դրանցից 24-ը ՀՀ վարչապետն ունեցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանի հաջորդ ամենահաճախ հեռախոսային զրուցակիցներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ 5-ական հեռախոսազրույց:

Փաշինյանը բավական հաճախ է հեռախոսազրույցներ ունենում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, իսկ վերջին շրջանում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (3-ական անգամ):

Բացի դա, Փաշինյանը նշված ժամանակահատվածում երկուական հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ղրղզստանի նախագահի, Թուրքմենստանի՝ իրար հաջորդած նախագահներ հայր ու որդի Բերդիմուհամեդովների, Ղազախստանի վարչապետի, Կանադայի վարչապետի, Ռուսաստանի վարչապետի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ:

Առիթներ

Նշված ժամանակահատվածը լի էր Հայաստանի համար բավական ծանր փորձություններով և միջազգային տարբեր ցնցումներով:

Նախ, անցած տարվա մայիսին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Ցանկանալով ստանալ իր անվանական դաշնակիցների աջակցությունը՝ Հայաստանը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Ողջ այդ գործընթացը, բնականաբար, ուղեկցվում էր ակտիվ հեռախոսային քննարկումներով: Մասնավորապես, մայիսյան լարվածության ֆոնին ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի (2 անգամ), Մակրոնի, Սալիվանի, Բելառուսի ու Ղրղզստանի նախագահների հետ:

Հեռախոսազանգերի ակտիվությունը հաջորդ անգամ մեծանում է 2022 թվականի հունվարին՝ նույնպես ՀԱՊԿ համատեքստում, այս անգամ՝ կապված Ղազախստանում զանգվածային անկարգությունների և դրանց պատճառով այդ երկրի՝ ՀԱՊԿ դիմելու որոշման հետ: Այդ պահի դրությամբ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի: Վերջինս Ղազախստանում իրադարձությունների և այնտեղ ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու գործողությունների ֆոնին երկուական անգամ հեռախոսազրույցներ է ունենում Ղազախստանի ու Ռուսաստանի ղեկավարների հետ: Բացի դա, նույն ժամանակահատվածում Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում նաև Վրաստանի վարչապետի հետ:

Ուշագրավ է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր Պուտինն ու Փաշինյանն ունեցել են 7 հեռախոսազրույց: Բացի դա, նույն ժամանակահատվածում ակտիվացել էին դիվանագիտական գործընթացները Հայաստանի ու Ադրբեջանի միջև եվրոպական միջնորդությամբ՝ ի դեմս ԵԽ նախագահ Շառլ Միշելի: Այս ձևաչափով եռակողմ հանդիպումներից հետո տեղի են ունեցել հեռախոսազրույցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ 2022 թվականի ապրիլ-մայիսին, Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Բլինքենի ու Շառլ Միշելի հետ:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ առկա վիճակագրությունը փաստում է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի ակտիվության մասին, իսկ Հայաստանի ղեկավարի հիմնական հեռախոսային զրուցընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահը:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող