ՌԴ ուժայինների կողմից Գյումրիում մարդու առևանգման խորքային խնդիրները

Քաղաքացու առևանգումը ՀՀ տարածքում

Դեռևս 2023 թ. դեկտեմբերին տեղեկացանք, որ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովը ՀՀ-ում ռուսաստանյան ուժայինների կողմից ձերբակալվել և ապա իր կամքին հակառակ տեղափոխվել է ՌԴ։

39-ամյա Սեդրակովը, մասնավորապես, չցանկանալով մասնակցել ուկրաինական պատերազմին (ստորաբաժանումը տեղակայված է եղել Զապորոժիե շրջանում), 6-ամսյա մարտական գործողություններից հետո բժշկական հաստատությունից դիմել էր փախուստի և «Անտառով անցիր» կազմակերպության օգնությամբ տեղափոխվել ՀՀ։ Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Իվան Չուվիլիաևի խոսքով՝ Սեդրակովը ընդամենը մեկ շաբաթ էր անցկացրել Հայաստանում, Գյումրի գնացել՝ հավանաբար մատչելի բնակարան գտնելու հույսով։

Սեդրակովի նկատմամբ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվում՝ առանց թույլտվության ծառայության վայրը լքելու համար (նախատեսվող պատիժը՝ մինչև 10 տարվա ազատազրկում)։ Քննությունն իրականացրել է Հայաստանում տեղակայված ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը։ Նույն այն քննչական ստորաբաժանումը, որը քննում էր 2015 թվականին Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը։

Հարկ է նաև ընդգծել, որ 1997 թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված պայմանագրի 5-րդ հոդվածով հստակ ամրագրվում է, որ 102-րդ ռազմաբազան ինքը կարող է որոշակի իրավիճակներում ձերբակալել միայն իր զինծառայողներին, եթե նրանք կատարել են հանցանք ՌԴ կամ ռազմաբազայի ծառայողների դեմ, եթե կատարել են զինվորական հանցագործություն կամ, եթե հանցագործությունը կատարել են ռազմաբազայի տարածքում։ Սակայն Սեդրակովը 102-րդ ռազմաբազայի ծառայող չէ և ուրեմն որևէ պարագայում չէր կարող ձերբակալվել ՌԴ ուժայինների կողմից։

Մոտ մեկ ամիս Գյումրու ռուսական ռազմաբազայում ապօրինի պահելուց հետո ռուս իրավապահները նրան տեղափոխել են Ռուսաստան։

«Քայլիր անտառով» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում իրենք օգնել են այլ երկրներ տեղափոխվել 600 ռուսաստանցի զինվորականների, բայց սա առաջին դեպքն էր, երբ իրենց աջակցությամբ այլ երկրում հաստատված քաղաքացուն ձերբակալել են։

Ակնհայտ է, որ Սեդրակովը չէր կարող հայտնաբերվել և ձերբակալվել ՀՀ տարածքում ռուսական ծառայությունների կողմից, եթե նրանք հասանելիություն չունենային Հայաստանում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգին։ Ընդ որում, գործողությունն անհնարին կլիներ առանց ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման։

Անգամ ավելին, ակնհայտ է, որ ապօրինաբար ձերբակալված անձին Հայաստանից դուրս հանելու համար օգտագործվել է նաև այն հանգամանքը, որ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների բացթողումն իրականացնում են նաև ռուսաստանյան սահմանապահները, որոնք կարող են և աչք փակել նրա վրա, որ անձը երկրից հանվում է իր կամքին և Հայաստանի օրենսդրությանը հակառակ։

Ռուս իրավապահների կողմից Դմիտրի Սեդրակովին հայտնաբերելուն, այնուհետև 102-րդ ռազմաբազա տեղափոխելուն և ՌԴ տանելուն ուղղված՝ ՀՀ տարածքում իրականացված բոլոր գործողությունները կրել են բացարձակապես ապօրինի բնույթ՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը և հայ-ռուսական միջպետական համաձայնագրերը։

Իրավական ընթացակարգերի անտեսումը

ՀՀ դատախազությունից հայտնել են, որ Սեդրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն չեն ստացել, չեն քննարկել ու չեն բավարարել։ Այսինքն՝ որևէ իրավական ընթացակարգ, որը պետք է ապահովվի և պահպանվի ՀՀ տարածքում քրեական հետապնդում իրականացնելու, ինչպես նաև ենթադրյալ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և այլ պետությանը հանձնելու (արտահանձնելու) դեպքում, ուղղակի չի պահպանվել։ Այնինչ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝

Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Իսկ այլ բան, ինչպես տեսնում ենք 1997 թ. վերոնշյալ պայմանագրից, նախատեսված չէ։

Ընդ որում, արդեն իսկ լրատվական դաշտում հայտնվեցին տեղեկություններ, որ Դմիտրի Սեդրակովին ձերբակալելուց առաջ ռուսաստանյան իրավապահների կողմից Գյումրիում իրականացվել է «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որը ՀՀ տարածքում իրականացնելու իրավունքը որևէ օտարերկրյա իրավապահ մարմին չուներ։

Նշենք նաև, որ Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության ուժերի տեղակայումն ինքնին հակասում է հայ-ռուսական պայմանագրերին, ինչի մասին մենք գրել ենք դեռևս 2018 թվականին։

Այսպիսով, ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, որտեղ ՌԴ ուժայինները կարողանում են տեղեկանալ իրենց համար անցանկալի անձանց ՀՀ մուտքի մասին, ՀՀ տարածքում իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ձերբակալել ցանկացած անձի և «Զվարթնոց» օդակայանում քաղաքացիների բացթողումն իրականացնող ՌԴ ԱԴԾ սահմանապահների միջոցով տեղափոխել այդ անձին ՌԴ։

Նշենք, որ առաջիկայում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրավական գործընթաց կսկսի՝ կապված ՍԷԿՏ համակարգին ռուսաստանյան սահմանապահների հասանելիության հետ, ինչի մասին առանձին կտեղեկացնենք։

Առաջին դեպքը չէ

Սա բնավ առաջին բացահայտված դեպքը չէ, երբ ռուսաստանյան ուժայինները Հայաստանում անցնում են իրենց լիազորություններից կամ ապօրինի օգտագործում ՍԷԿՏ համակարգին հասանելիությունը։

2015 թ. հունվարին ՌԴ սահմանապահները Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքից ՀՀ իրավապահներից փախցրեցին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար որոնվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։

Իսկ ահա 2016-ին պրոռուսական խմբերը հրապարակեցին ՀՀ սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները։ Համաձայն մամուլում հրապարակված հետաքննությունների՝ հիմնավոր կասկածներ կան, որ արտահոսքը կազմակերպվել էր ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից, որը, ինչպես բացահայտվեց այդ օրերին, հայկական կողմի թողտվությամբ անարգել հասանելիություն ունի ՀՀ ՍԷԿՏ համակարգին, այն է՝ ՀՀ սահմանը հատող բոլոր քաղաքացիների անձնական տվյալներին։

2018-ին էլ ռուսաստանյան ռազմակայանը պահել և տևական ժամանակ հայկական կողմին չէր փոխանցում Գյումրիում փողոցում հավաքարարուհուն ծեծելով սպանած Ռազգիլդյաևին՝ ըստ էության մարդասպանին պաշտպանելով Հայաստանում դատարանի առջև կանգնելուց։

Հայաստանում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից օրինախախտումների պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ՌԴ 102-րդ ռազմակայանի ծառայողների կողմից սպանված 12 հայաստանցիների մասին պատմություններին՝ այստեղ։

Ռուզաննա Ավագիմյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող