Մոսկովյան վերջնագրեր. ինչպես է ռուսական քարոզչությունը մանիպուլացնում Փաշինյանի այցը

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը ռուսական մեդիայում լայն լուսաբանման թեմա է դարձել։ Մինչ հանդիպումը Կրեմլի լրատվական ծառայությունը հաղորդել էր, որ երկու երկրների առաջնորդները ծրագրում են քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի կարևորագույն հարցերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։

Այդուհանդերձ, Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը ТАСС-ի հաշվարկով 32-րդն էր, ռուսական քարոզչամեքենայի համար դարձավ հերթական առիթը՝ Հայաստանի իշխանություններին ներկայացնելու որպես «ձախողված», իսկ Ռուսաստանին՝ միակ և անփոխարինելի «փրկօղակ»։

Ռուսական առաջատար պրոկրեմլյան լրատվամիջոցները հանդիպումը լուսաբանելիս գործի են դրել տեղեկատվական ճնշման ողջ զինանոցը։

«Փաշինյանի վիճակը վատ է»

«Փաշինյանը մեկնում է Մոսկվա իր համար ծայրահեղ պահին»,- հաղորդում է НТВ-ն ու շեշտում, թե ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ «Փաշինյանի վիճակը վատ է իշխող կուսակցությունը կորցրել է իր երբեմնի հռչակը, և վարչապետության նոր ժամկետ Փաշինյանի համար երաշխավորված չէ»։

Այդուհանդերձ, անհասկանալի է՝ ինչի հիման վրա է այս լրատվամիջոցը նման պնդում անում․ Հայաստանում հրապարակված ամենաթարմ անկախ մասնագիտական հարցումը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումն է, որը հրապարակվել է մարտի  6-ին, և որի համաձայն՝ առաջատարը իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» է եղել (այլ հարցումների արդյունքներ ևս հրապարակվել են, սակայն դրանք պատվիրված են եղել այս կամ այն կուսակցության կողմից-հեղ․)։

Այս ռեպորտաժում ակնարկ կա այն մասին, որ Հայաստանի վարչապետը դիմում է Մոսկվային այն ժամանակ, երբ բախվում է ներքին խնդիրների, և արդյունքում Ռուսաստանը ներկայացվում է որպես առանցքային «փրկօղակ»։

Ռեպորտաժը կառուցված է հիմնականում բացասական օրինակների վրա՝ առանձնացնելով հասարակության դժգոհությունը, Ղարաբաղի թեմայով մեղադրանքները և քաղաքացիների հետ լարված շփումները, որոնք ընդհանրացվում են որպես լայն հանրային տրամադրություն։ Միաժամանակ, նախատեսվող սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են որպես արտաքին՝ մասնավորապես Ադրբեջանի պահանջների արդյունք։

Նյութում առանձին շեշտադրում կա նաև Արևմուտքի դերակատարության վրա, որը ներկայացվում է որպես Հայաստանի ներքին գործընթացներին միջամտություն՝ հեգնական բնութագրումներով, ինչպիսին է, օրինակ, «արևմտյան քաղաքական տեխնոլոգների դեսանտը» (Նկատի ունեն հիբրիդային հարձակումների դեմ ԵՄ արագ արձագանքման խումբը-հեղ․)։

Այսինքն, НТВ-ն ձևավորում է նարատիվ, որի համաձայն՝ Փաշինյանը թույլ առաջնորդ է, չունի քաղաքական ամուր հենք, Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի համար կարևոր գործընկեր, իսկ Արևմուտքը՝ որպես միջամտող ուժ։

Առաջին ալիքի կեղծիքը

Ռուսական «Առաջին Ալիքի» ռեպորտաժում նշվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը, որի մասին լրագրողը նշում է, թե «ազատազրկման մեջ է քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը, որը հանդես է եկել Բելառուսի օրինակով Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու օգտին»։

Սակայն լրագրողը չի հիշեցնում, որ Վարդան Ղուկասյանը ազատազրկման մեջ է կոռուպցիոն մեղադրանքով, և նրա քրեական գործում քաղաքական ենթատեքստ չի կարող լինել։

Հատկանշական է այս լրատվամիջոցի ռեպորտաժում տեղ գտած մեկ այլ կեղծիք, որի հետևանքով իրական փաստերը խեղաթյուրված են ներկայացվել․ լրագրողը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), նշում է, թե Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը, դադարել է վճարել անդամավճարները և այդ որոշումը հիմնավորում է նրանով, որ «ՀԱՊԿը ըստ արժանվույն չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին»։

Այնուհետև մեջբերվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի միայն մի հատվածը, որտեղ նա ասում է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ չի կարող բացատրել իր քաղաքացիներին, թե ինչու կազմակերպությունը չի արձագանքել՝ իր պարտավորություններին համապատասխան։

Այս ձևով ներկայացնելուց հետո լրագրողը եզրակացնում է, որ ՀԱՊԿ-ը չի միջամտել, քանի որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հղում անելով նաև Վլադիմիր Պուտինի այդ մասին հիշեցմանը։

Սակայն այստեղ տեղի է ունենում կոնտեքստի խեղաթյուրում։ Փաշինյանի խոսքը ներկայացված է ոչ ամբողջական, կոնտեքստից կտրված։ Իրականում նա խոսում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում ՀԱՊԿ արձագանքի բացակայության մասին։

Այսպիսով, տարբեր իրադարձությունների միախառնումը և մեջբերման մասնակի օգտագործումը ստեղծում են միանգամայն այլ պատկեր՝ փոխելով ասվածի իմաստը և ներկայացնելով խնդիրը այլ պատճառաբանությամբ։

Պուտինը միջնորդում է Սամվել Կարապետյանի համար 

«Московский Комсомолец»-ում ներկայացվում է Պուտին-Փաշինյան երկխոսությունը ու բացատրվում Պուտինի ուղերձների ենթատեքստը։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ Պուտինը բացատրել է՝ ինչ կարժենա եվրաինտեգրման կողմնակիցների հաղթանակը՝ ԵԱՏՄ և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը անհնար է»,- գրում է МК-ն։ Ըստ աղբյուրի, Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է շուկայականից ցածր գնով։ Ըստ էության, գազի գնի հիշեցումը ոչ թե տնտեսական տվյալ է, այլ բացահայտ շանտաժ, և ռուսական մեդիան դա ներկայացնում է որպես «բարեգործություն», որը կարող է ցանկացած պահի դադարել։

Փաստացի, Պուտինը հնչեցնում է Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հնարավոր հետևանքների մասին ուղերձներ՝ առանձնահատուկ շեշտելով, որ Եվրամիությանն ինտեգրվելը անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։

Հոդվածում նաև ակնարկ է արվում ընտրական գործընթացների վրա ազդեցության թեմային․ ՌԴ նախագահը ընդգծել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում պրոռուսական ուժերի մասնակցության կարևորությունը, այդ թվում՝ «անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչների, այլ խոսքերով՝ Սամվել Կարապետյանի մասնակցությունը»։

Նկատենք, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանահայ հայտնի գործարար է և երբևէ Հայաստանում քաղաքականության մեջ չի եղել, քաղաքականությամբ չի զբաղվել։ Ավելին, նա ունի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, հետևաբար իրավունք չունի մասնակցել Հայաստանում կայանալիք ընտրություններին։

Բացի այդ, այս հրապարակման մեջ Փաշինյանի կերպարը հեգնական տոնով է ներկայացվում՝ սկսած նրա ընտրած հագուստից մինչև վարքագծի նկարագրություն։

Փաստացի, «Московский комсомолец»-ը ձևավորում է նարատիվ, որտեղ եվրոպական ինտեգրումը ներկայացվում է որպես ռիսկային ընտրություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ազդեցիկ դերակատար, որն ունի հստակ ակնկալիքներ Հայաստանի ներքաղաքական գործընթացներից:

«Коммерсантъ»-ում հոդվածի հեղինակ Անդրեյ Կոլեսնիկովը, որը հայտնի է իր հեգնական ոճով, չի թաքցնում իր ոգևորությունը Պուտին-Փաշինյան հանդիպումից ու նշում է, որ այն առանձնահատուկ էր և՛ բովանդակությամբ, և՛ տոնով, և՛ միջանձնային դինամիկայով: Ավելին նաև կանխատեսում է անում՝ նշելով, որ չի բացառվում, որ «․․․այս հանդիպումը նշանավորի մասնակիցներից մեկի ավարտը»։ Իհարկե, հեղինակը չի ասում՝ ում նկատի ունի, բայց ակնարկում է, որ իշխանության կամ արտաքին խաղացողների միջակայքում ինչ-որ մեկը «կկորցնի դիրքը» կամ քաղաքական ազդեցությունը։ Եվ ակնհայտ է, որ այդ ակնարկն ուղղված է Փաշինյանին։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն ունեցող «Yerevan Today»-ը այս հոդվածը վերահրապարակել էր՝ վերնագրելով․ ««Կոմերսանտը» ազդարարում է Փաշինյանի վերջի սկիզբը»։

Ռուսական մեդիայի այս հրապարակումները գրեթե նույնական են ոչ միայն բովանդակությամբ, այլև օգտագործվող մեթոդներով։

Տարբեր լրատվամիջոցներում նկատվում են նույն տեղեկատվական գործիքները՝

  • փաստերի ընտրովի ներկայացում,
  • առանձին դեպքերի ընդհանրացում,
  • հեգնանքի միջոցով կերպարի արժեզրկում,
  • սպառնալիքների միջոցով վախի տարածում,
  • ընտրություն կատարելու պարտադրանք:

Այսպիսով, ռուսական մեդիան, առիթից օգտվելով, Փաշինյան-Պուտին հանդիպումը ներկայացնում է ոչ միայն որպես իրադարձություն կամ լուր, այլ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի մասին որոշակի պատկեր է ձևավորում։

Տարբեր մեդիաներ տարբեր լեզվով ներկայացնում են նույն ուղերձները՝ Ռուսաստանը Հայաստանի համար առանցքային դերակատար է, փրկիչ, էներգետիկ անվտանգության երաշխավոր, Արևմուտքը Հայաստանի համար ռիսկային է, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ լեգիտիմություն չունեցող, խոցելի։

Խոսքը ոչ թե առանձին հրապարակումների, այլ համակարգված նարատիվների մասին է, որոնք կարող են ազդել հանրային ընկալումների և քաղաքական օրակարգի վրա։

Հասմիկ Համբարձումյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող