- 13 Սեպտեմբերի, 2018
- Տեսանյութեր, Հաղորդագրություններ

Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովի ժամանակ հայաստանյան ժողովրդավարական գործընթացների և ընտրական բարեփոխումների մասին ելույթով հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ելույթի հայերեն տարբերակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Ներկաներից որևէ մեկի համար նորություն չէ, որ աշխարհում ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է: ԵԱՀԿ անդամ որոշ երկրներ էական հետընթաց են ապրում ժողովրդավարության հարցում և խոչընդոտում են ժողովրդավարության զարգացմանը նաև այլ երկրներում:
Սակայն Հայաստանը, որտեղից ես եմ գալիս, հույս է ներշնչում, որ այդ տխուր գործընթացը անդառնալի չէ: Այս տարվա ապրիլ ամսին Հայաստանի ժողովուրդը կարողացավ կանխել հակաժողովրդավարական զարգացումը, որի արդյունքում իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները կիսող ու կոռուպցիայի եմ պայքարի իրական ցանկություն դրսևորող թիմ:
Հայաստանում այժմ ստեղծված է իրավիճակ, երբ հնարավորություն կա ժողովրդավարությունը կանգնեցնել այնպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որ այն այլևս ունենա նվազագույն կախվածություն գործադիր իշխանությունների կամքից:
Այդ սահմաններում կառավարությունում ստեղծվեց ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որի անդամների կեսը պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
Հանձնաժողովը արդեն մշակել է և շուտով կհրապարակի փոփոխությունների հայեցակարգը: Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսված է՝
- Ընտրական համակարգը դարձնել համահունչ ժողովրդավարության սկզբունքներին և ընտրությունները դարձնել առավել մրցակցային:
- Մրցակցությունը դարձնել ոչ թե փողի ու վարչական ռեսուրսների, այլ քաղաքական ծրագրերի ու գաղափարախոսությունների դաշտում:
- Առավելագույնս խրախուսել քաղաքական դեբատները՝ դրանով իսկ ընտրողների կամարտահայտման հիմքում դնելով օբյեկտիվ փաստերը ու նվազեցնելով քարոզչության ու կեղծ լուրերի ազդեցությունը ընտրությունների վրա:
- Արդյունավետ դարձնել ընտրախախտումների ու ընտրական հանցագործությունների դեմ պայքարը և այդ նպատակով բարձրացնել ՀԿ-ների դերը:
Հուսով ենք, որ փոփոխությունների արդյունքում այլևս անհնար կդառնա Հայաստանում մի կուսակցության կամ թիմի կողմից իշխանության զավթումը, իսկ քաղաքացիները կվերականգնեն հավատը ընտրությունների նկատմամբ:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա ԵԱՀԿ անդամ մի շարք երկրների ու միությունների ներկայացուցիչներին` Հայաստանում նվազագույն ժողովրդավարության բաղադրիչների պաշտպանության վրա ծախսված ջանքերի համար: Դրա շնորհիվ հնարավոր եղավ անարյուն հեղափոխությունն ու ժողովրդավարության թռիչքը:
Սակայն այժմ եկել է հաջորդ փուլը, երբ Հայաստանին պետք է աջակցել ժողովրավարական մեխանիզմները ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հարցում: Մասնավորապես, պաշտպանել այդ ռեֆորմները տարածաշրջանում ժողովրդավարությունը խաթարող հայտնի ուժերի ներգործությունից:
Ընդհանուր առմամբ, խոսքս վերաբերում է ոչ միայն ընտրություններին, այլև դատական իշխանության անկախություն երաշխավորող փոփոխություններին և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը:
Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի Հայաստանում ժողովրդավարությունը կառուցել այնպես, որ այստեղ մենք այն քննարկենք զուտ որպես հաջողության պատմություն: Բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք:
https://youtu.be/3wbWHnK6G7w