Փաշինյանի հակախաղը Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը և խաղաղության դիսկուրսը Ադրբեջանում

Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում սրվել է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մակարդակում: Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Կոթիի բնակիչներից մեկը, իսկ սեպտեմբերի 19-ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Բ. Մաթևոսյանը: Այս մի քանի օրվա ընթացքում ադրբեջանական կողմը նույնպես ունեցել է կորուստներ: Ռազմական լարվածության հետ մեկտեղ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը սրվել է նաև քաղաքական հարթության վրա:

Ալիև-Փաշինյան հեռակա «փոխհրաձգությունը»

Այս ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մի շարք հայտարարություններ արեցին ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այնպես էլ երկու երկրներում տիրող ներքին իրավիճակի մասին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նախ, հույս հայտնեց, թե «Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրք կգրավի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, և Ադրբեջանի տարածքները կազատվեն օկուպացիայից», հետո մեկ այլ առիթով հայտարարեց, թե «Հայաստանում ձևավորվել է դիկտատուրայի նոր ռեժիմ»: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց՝ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել իր երկիր, այդ պատճառով փորձում է շփման գծում իրավիճակը սրելով՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից: Հետագա օրերին քաղաքական-դիվանագիտական «փոխհրաձգությունը» Երևանի և Բաքվի միջև շարունակվեց, և դա կապված էր ոչ միայն սահմանային գոտում լարվածության աճի, այլև այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի նախագահի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը, զորակոչվեց ծառայելու Ադրբեջանի զինված ուժերում:

Ինչպե՞ս զսպել Ադրբեջանին

Մինչ այդ, սակայն, անդրադառնանք հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված ավելի լայն համատեքստին, որը թույլ կտա հասկանալ ոչ միայն Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հայտարարությունների իմաստն ու նպատակները, այլև Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացվող հակահայ քաղաքականության էությունն ու հայկական կողմի հակաքայլերը: Այսպես, տարիներ շարունակ՝ հատկապես 2013-14 թթ. այս կողմ, հայկական մամուլը հայ վերլուծաբանների հետ քննարկում էր Հայաստանի և Արցախի անվտանգության կարևորագույն խնդիրներից ու մարտահրավերներից մեկին դիմագրավելու հարցը, թե ինչպե՞ս կարելի է զսպել Ադրբեջանին շփման գծում, ի՞նչ հակաքայլ, հակախաղ կա Ադրբեջանի կողմից տարիներ ի վեր իրականացվող, այսպես ասած՝ հյուծման, ջլատման քաղաքականությանը կամ մաշող պատերազմին (անգլերեն տերմինը՝ war of attrition): Օրինակ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում էր, որ պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որը կչեզոքացնի սահմանային միջադեպերից քաղաքական օգուտներ քաղելու Ադրբեջանի քաղաքականությունը, և Ադրբեջանի ամեն մի կրակոց պետք է աշխատի իր դեմ:

Բաքվի ահաբեկչական մեթոդները

Բաքվի այս ստրատեգիան (ռազմավարությունը) հայտնի է նաև «ռազմական դիվանագիտություն» անունով, իսկ դրա մեթոդները հատուկ են ահաբեկչական խմբավորումներին: Առանց չափազանցության: Սրա իմաստը, նպատակը հետևյալն է՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կամ այլ ձևաչափով Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներից առաջ կամ հետո շփման գծում ռազմական իրավիճակը սրելու միջոցով հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ամրապնդել Բաքվի բանակցային դիրքերը կամ լուծել այլ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, դիվանագիտական խնդիրներ: Երկրորդը, քաղաքական հաշվարկներով սպանելով, վիրավորելով հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում կամ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին՝ կրկին ճնշում գործադրել, շանտաժի ենթարկել Երևանում քաղաքական որոշումներ կայացնողներին, ազդել հայ հասարակության տրամադրությունների, բարոյահոգեբանական վիճակի վրա և հանրության ճնշման միջոցով ստիպել պաշտոնական Երևանին զիջումներ անել Ղարաբաղի հարցում: Թե ինչ զիջումներ է Բաքուն ակնկալում հայկական կողմից, հայտնի է բոլորին: Դա չէ հարցը:

Ակտիվ քննարկումներ Ադրբեջանում

Նախկինում Բաքվի այս քաղաքականությանը հակազդելը շատ դժվար էր՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով, բայց 2018թ. մայիսից հետո, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև ինչ-որ առումով Ղարաբաղի հարցի շուրջ՝ շնորհիվ Հայաստանում տեղի ունեցած խիստ օրինակելի, խաղաղ, թավշյա իշխանափոխության, որը մեծ ոգևորություն առաջացրեց նույնիսկ բռնապետական Ադրբեջանում: Այդ օրերին շատ ադրբեջանցիներ սոցիալական ցանցերում գրում էին, թե «դրա համար էլ Ղարաբաղը հայերինն է, որովհետև նրանք կարողանում են այսպես պայքարել ու հաղթել»: Այսօր էլ որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ Փաշինյանի խոսքերը հասել են շարքային ադրբեջանցիներին և որոշ առումով ազդել հանրային տրամադրությունների վրա: Ադրբեջանցի քաղաքագետները, ակտիվիստները մամուլի հետ զրույցներում, ֆեյբուքյան հարթակում սկսել են քննարկել խաղաղության հարցը՝ բարձր գնահատելով իր որդուն առաջնագիծ զինվորական ծառայության ուղարկած Հայաստանի վարչապետի քայլը: Ֆեյսբուքի շատ օգտատերեր «Ղարաբաղ թե՞ ժողովրդավարություն» թեմայով ծավալված քննարկումների ժամանակ եկել են այն եզրակացության, որ ժողովրդավարական երկրները չեն պատերազմում և կարող են խնդիրները խաղաղ կարգավորել:

Փաշինյանի խաղաղասիրական քայլը

Բայց իրավիճակը Արցախյան հարցի շուրջ փոխվում է ոչ միայն Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, այլև թավշյա հեղափոխության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաշվարկված, թիրախային քայլերի շնորհիվ: Նախ, հուլիսի վերջին, երբ Փաշինյանի որդին՝ Աշոտը, զորակոչվեց զինվորական ծառայության Արցախի ՊԲ-ի սահմանապահ զորամասերից մեկում, Հայաստանի վարչապետը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցում հայտարարեց, թե իր որդուն առաջնագիծ ուղարկելը խաղաղասիրական քայլ է, որովհետև հասկանալի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի, և Աստված մի՛ արասցե, իմ որդին և իմ հայրենակիցների որդիները, ինչպես նաև Ադրբեջանի որդիները զոհվեն»: Հետո ավելացրեց՝ «ուրախ կլինեի, եթե նախագահ Իլհամ Ալիևը ևս իր որդուն ուղարկեր առաջնագիծ ծառայելու, որովհետև եթե նրա որդին ևս այնտեղ ծառայեր, ես դա կընկալեի որպես խաղաղասիրական քայլ, որովհետև բոլորս էլ համոզված ենք, որ պարոն Ալիևը նույնպես չի ուզենա, որ իր որդին զոհվի»:

Ալիևը թքած ունի իր զինվորների վրա

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրին, որ Ալիևի որդին զորակոչվել է բանակ, բայց ծառայելու է ոչ թե առաջնագծում, այլ մի տաքուկ անկյունում՝ Բաքվի զորամասերից մեկում: Այն էլ հարց է՝ իսկապես կծառայի՞, թե՞ ծառայությունը կանցկացնի տանը: Սեպտեմբերի 16-ին՝ Երևանի ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի հերթական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը խոսեց այս իրադարձության մասին՝ ասելով, որ Իլհամ Ալիևն այդքան հեշտությամբ սրում է իրավիճակը սահմանին, քանի որ իր որդին չի ծառայում առաջնագծում, և նա գիտի, որ սրացման դեպքում զոհվելու են «ուրիշ ադրբեջանցիների» որդիները, ոչ թե իր որդին:

«Եվ ամեն անգամ, այո, պետք է արձանագրել, որ երբ Իլհամ Ալիևը հոխորտում է Հայաստանի հաշվին, նա, ըստ էության, ճանապարհ է բացում հազարավոր ադրբեջանցի մայրերի դժբախտացնելու համար, որովհետև նա գիտի՝ իր զավակին ոչինչ չի սպառնում: Հիմա էլ նա իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը ծառայելու և նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Եվ եթե Ալիևը գնում է այդ ճանապարհով՝ ադրբեջանցի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին նույնպես ծառայի առաջնագծում: Տեսնենք՝ էդ պարագայում նրանք նույնպիսի լկտիությամբ կպահե՞ն իրենց, թե՞ ոչ: Ադրբեջանի նախագահը թքած ունի իր զինվորների կյանքի վրա: Նրան չեն հետաքրքրում իր զինվորները: Նրան հետաքրքրում են իր և իր ընտանիքի միլիարդները», – ավելացրեց Հայաստանի վարչապետը:

Բաքուն հոխորտում է

Ադրբեջանի նախագահի վարչակազմի պատասխանը չուշացավ: Ալիևի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը Trend գործակալության հետ զրույցում սպառնացել է՝ հայտարարելով, թե «եթե Փաշինյանը ցանկանում է մնալ իր աթոռին, խորհուրդ ենք տալիս քիթը չմտցնել Ադրբեջանի ներքին գործերի մեջ»:

Կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ, ըստ էության, նպաստում է Ադրբեջանում խաղաղության դիսկուրսի ակտիվացմանը՝ այն հակադրելով տարիներ շարունակ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից իրականացվող պատերազմական քարոզչությանը: Միաժամանակ Հայաստանի ղեկավարը հետևողական քայլերով փորձում է կյանքի կոչել մի ծրագիր, որը միտված է Հայաստանի և Արցախի համար պատուհաս դարձած ադրբեջանական ստրատեգիան՝ Արցախի և Հայաստանի «հյուծման քաղաքականությունը» չեզոքացնելուն: Այս ծրագիրն, ըստ երևույթին, հետապնդում է մի քանի նպատակներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում Փաշինյանը փորձում է իր խոսքը հասցնել շարքային ադրբեջանցիներին, որոնց որդիները զորակոչվել են ծառայելու առաջնագծում, նրանց բացատրել Բաքվի քաղաքականության իրական նպատակները, բարձրացնել շարքային ադրբեջանցիների քաղաքացիական գիտակցությունը, ակտիվացնել քննարկումները ադրբեջանական հասարակության ներսում խաղաղության հարցի շուրջ՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի ղեկավարության վրա և ստիպելով վերջինիս հրաժարվել իր ռազմատենչ քաղաքականությունից: Ճիշտ է, Ալիևի բռնապետական ռեժիմը ժողովրդի հնարավոր դժգոհությունը կանխելու և առաջնագծում զոհված զինվորների մահը արդարացնելու համար կիրառում է հին ու փորձված հնարք՝ հայրենասիրությունը, ավելի ճիշտ՝ հայրենասիրության իսլամական տարբերակը: Ըստ այդմ՝ առաջնագծում զոհված զինվորները «շահիդներ» են (արաբերենից թարգմանած՝ նահատակ, մարտիրոս), որոնք զոհվել են ոչ թե հանուն Ալիևի իշխանության և հարստության պահպանման, այլ հանուն Ալլահի՝ պաշտպանելով իրենց հավատքը, հայրենիքը, պատիվն ու ընտանիքը: Ամենևին նպատակ չունենալով վիրավորել իսլամական աշխարհի կրոնական զգացմունքները՝ պետք է ասել, որ այս խաբեության դեմ պայքարելն, իհարկե, լուրջ խնդիր է: Ի դեպ, ճիշտ նույն կերպ դժվար է պայքարել տասնամյակներ շարունակ դպրոցական, բուհական դասագրքերի, ԶԼՄ-ների միջոցով ադրբեջանական հասարակությանը քարոզվող այն կեղծիքի դեմ, թե իբր Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի տարածքները «Ադրբեջանի պատմական հողերն են»: Իհարկե, սա քննարկման այլ թեմա է:

Փաշինյանի մյուս՝ երկարաժամկետ նպատակը, կարծում ենք, հայկական հեղափոխությունը Ադրբեջան արտահանելն է: Հիշեցնենք՝ «Քայլ արա» շարժման ամենասկզբում, նույնիսկ մինչ այդ Փաշինյանն ու իր աջակիցներն ասում էին, որ իրենց նպատակը Հայաստանի «ադրբեջանացումը» կանխելն է: Հիմա, երբ այս խնդիրը լուծված է, թավշյա հեղափոխության առաջնորդ Փաշինյանը մտադրվել է հայկական հեղափոխության սերմերը ցանել Ադրբեջանում և տապալել Բաքվի բռնապետական ռեժիմը, քանի որ քաջ գիտակցում է՝ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր է հասնել միայն այդ երկրի ժողովրդավարացման պարագայում:

Արամ Սարգսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող