Դանիել Իոաննիսյանի ելույթը Վարշավայում և ադրբեջանցի պատվիրակի արձագանքը

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Սեպտեմբերի 16-ից 27-ը Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ՝ սեպտեմբերի 17-ին, հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ընտրությունների ժողովրդավարացման գործընթացը։

Դանիել Իոաննիսյանի խոսքով, ժողովրդավարական ընտրությունների էջը բացվել է ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչի մասին են վկայում Արցախում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնցում դիտորդական առաքելություն են իրականացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունները։

Իոաննիսյանը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ և՛ Հայաստանում, և՛ ԼՂՀ-ում տեղի են ունեցել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկվել ընդդիմության կողմից։

«Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղն ունի վիճելի կարգավիճակ, և Ադրբեջանն այն համարում է օկուպացված տարածք: Բայց մեզ համար կարևորը ժողովրդավարական արժեքներն են: Ես չեմ համեմատի Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Ադրբեջանում տեղի ունեցող ընտրությունների հետ, քանի որ մենք Ադրբեջանում դիտորդություն չենք իրականացրել, ու որովհետև բոլորդ գիտեք դրանց մակարդակն՝ ըստ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի զեկույցների»,- իր խոսքում ասել է Դանիել Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողի խոսքը դժգոհություն է առաջացրել հանդիպմանը ներկա Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի մոտ, որը մի քանի անգամ վարման կարգ վերցնելով՝ ընդմիջել է Իոաննիսյանի խոսքը։ Չնայած ադրբեջանական կողմի միջամտություններին, քննարկման վարողը թույլ չի տվել ընդհատել Իոաննիսյանի խոսքը, և վերջինս ավարտին է հասցրել ելույթը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապրում է շատ ավելի ժողովրդավարական միջավայրում, քան կապրեր, եթե լիներ Ադրբեջանի կազմում»,- եզրափակել է Դանիել Իոաննիսյանը:

Ադրբեջանցի պատվիրակն, արդեն իր ելույթում, ևս մեկ անգամ հակադարձել է Իոաննիսյանին՝ նրան անվանելով «այսպես կոչված» ՀԿ-ի ներկայացուցիչ, որը խոսում է «այսպես կոչված» ընտրությունների մասին։ Ադրբեջանցի պատվիրակի խոսքին արձագանքել է ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը՝ մասնավորապես, հստակեցնելով, որ ԼՂՀ վերջին ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունը («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն – խմբ.) ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների ներկայացուցչությունների անունից պարգևատրվել է «Ժողովրդավարության պաշտպան 2019» մրցանակով։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովը Եվրոպայի ամենածավալուն ամենամյա միջոցառումն է՝ նվիրված մարդու իրավունքներին։

Related Posts: