- 20 Փետրվարի, 2024
- Արտաքին քաղաքականություն
Ըստ ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրված տեղեկությունների՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները ՀՀ պետական սահմանի «Մեղրի» և «Զվարթնոց» անցման կետերում սահմանային վերահսկողություն են իրականացնում (այդ թվում՝ ՀՀ ՍԷԿՏ համակարգին հասանելիության միջոցով)՝ 1992 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված՝ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին պայմանագրի պայմանների համաձայն։
ՍԷԿՏ համակարգը պարունակում է ՀՀ քաղաքացիների և ՀՀ պետական սահմանը հատող այլ անձանց անձնական տվյալներ, ինչը նաև ակնհայտ է ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» 884-Ն թվակիր որոշման կարգավորումներից։
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի սահմանմամբ՝
Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝
1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:
Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ։
Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ ոչ պետական մարմիններին` սույն հոդվածի նորմերին համապատասխան:
Սակայն ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագիրը վավերացված միջազգային պայմանագիր չէ (չնայած նրան, որ թե՛ 1992 թ., թե՛ այժմ գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման)։ Ըստ այդմ՝ դրա հիման վրա ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ռուսական սահմանապահ զորքը չպետք է ունենա։
Օգտվելով ՍԷԿՏ-ին իրենց հասանելիությունից՝ ՌԴ ԱԴԾ ստորաբաժանումներն իրականացրել են մարդու առևանգում ՀՀ տարածքում, ինչը նաև նշանակում է, որ ՀՀ տարածքում գտնվող որևէ մեկն ապահովագրված չէ ՌԴ իրավապահների ապօրինի գործողություններից, քանի դեռ նրանք ունեն հասանելիություն ՍԷԿՏ համակարգին, որը, ինչպես վերևում հիմնավորվեց, չունի որևէ իրավական հիմք։
Իսկ ահա 2016-ին պրոռուսական խմբերը հրապարակեցին ՀՀ սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները։ Համաձայն մամուլում հրապարակված հետաքննությունների՝ հիմնավոր կասկածներ կան, որ արտահոսքը կազմակերպվել էր ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից:
Տեղեկացնում ենք նաև, որ հիմք ընդունելով այս խնդիրը, ինչպես նաև այն, որ խոսքը օտար պետության կողմից հարյուր հազարավոր հայաստանցիների (և ոչ միայն) անձնական տվյալներին ապօրինի հասանելիության մասին է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ:
Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահների կողմից հայ-ռուսական պայմանագրերի ու ՀՀ ներքին օրենսդրության խախտումների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Ռուզաննա Ավագիմյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»