Իրավապահ համակարգ, արտաքին քաղաքականություն, մեդիագրագիտություն․ 2024 թ․ հարցման արդյունքներ

2024 թ․ մարտի 26-ին ներկայացվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատվերով «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից իրականացված՝ Իրավապահ համակարգի գործունեության ընկալման և վերաբերմունքի, ՀՀ արտաքին քաղաքականության և ՀՀ բնակչության մեդիագրագիտության ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել է հարցման միջոցով, որին մասնակցել է 1200 մարդ ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից:

Իրավապահ համակարգ և ոստիկանություն

Հետազոտության արդյունքներով վեր են հանվել իրավապահ համակարգի և դրա հանդեպ հասարակության վերաբերմունքի մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, հարցման մասնակիցների 44 տոկոսը համարում է, որ վարորդի կարգավիճակն ազդում է նրանց հանդեպ պարեկների վերաբերմունքի վրա:

Հարցման արդյունքները վկայում են նաև այն մասին, որ քաղաքացիները, որևէ հանցագործության տուժող կամ ականատես լինելու դեպքում, այդքան էլ հակված չեն այդ մասին իրավապահներին հայտնելու: Մասնավորապես, նման դեպքում հարցվածների միայն 20.5 տոկոսն է նշել, որ դիմել է ոստիկանություն:

Որպես ոստիկանություն դիմելուց խուսափելու հիմնական պատճառ (37.4 տոկոս)՝ քաղաքացիները նշել են ավելորդ քաշքշուկը, 17.4 տոկոսը հայտնել է, որ անընդունելի է ոստիկանություն դիմելը՝ «գործ տալու» երևույթի պատճառով, իսկ ևս 17.3 տոկոսն էլ անհանգստանում է, որ ոստիկանություն դիմելու դեպքում կարող է վատ լինել հենց իրենց համար:

Հարցման մասնակիցները, որոնք երբևէ եղել են ոստիկանությունում, նշել են այնտեղ արատավոր երևույթների հանդիպելու մասին (19.6 տոկոս): Ընդ որում, երբևէ ոստիկանության հետ առնչված քաղաքացիների 42 տոկոսից ավելին չի դիմի ոստիկանություն հանցագործության ականատես լինելու դեպքում:

Սրանով հանդերձ, հարցման մասնակից քաղաքացիների մեծ մասը՝ շուրջ 90 տոկոսը, համարում է, որ քաղաքացիները, այդուհանդերձ, պետք է օգնեն ոստիկանությանը:

Արտաքին քաղաքականություն

Ի տարբերություն իրավապահ համակարգի և ոստիկանության, արտաքին քաղաքականության և մեդիագրագիտության ու մեդիա սպառման վերաբերյալ տվյալների դեպքում մենք հնարավորություն ենք ունեցել համեմատելու 2019 թվականի և ներկայիս հարցման արդյունքները:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ ամենաակնհայտ փոփոխությունը երկրի ապագայի վերաբերյալ քաղաքացիների կարծիքն է: Եթե 2019 թվականի հարցման մասնակիցների 67 տոկոսը համարում էր, որ երկրի վիճակը գնալով լավանում է, ապա այժմ այդպես է կարծում հարցվածների միայն 34 տոկոսը: Եվ եթե 2019 թվականի հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն էր համարում, որ վիճակը գնալով վատանում է, ապա հիմա այդպես է կարծում հարցվածների 41 տոկոսը:

Էական է նաև փոփոխությունը Ռուսաստանի վերաբերյալ քաղաքացիների կարծիքում: Մասնավորապես, 2019 թվականի հարցման մասնակիցների 72 տոկոսը համարում էր, որ Ռուսաստանը բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, այնինչ ներկայիս հարցման մասնակիցների միայն 21 տոկոսն է այդպես համարում: Եվ հակառակը՝ 2019 թվականին քաղաքացիների ընդամենը 6 տոկոսն էր Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը թշնամական համարում, իսկ հիմա այդ ցուցանիշը հասել է 34 տոկոսի: Միաժամանակ, հարցվածների շուրջ 70 տոկոսը համարում է, որ Ռուսաստանը շարունակում է կարևոր ազդեցություն ունենալ ինչպես աշխարհում, այնպես էլ՝ մեր տարածաշրջանում:

Ընդհանուր առմամբ, հարցման մասնակիցների ընկալմամբ, Հայաստանի հանդեպ դրական վերաբերմունքով առաջատար երկրներն են Ֆրանսիան, Իրանը և Հնդկաստանը, դրական են տրամադրված նաև Գերմանիան, ԱՄՆ-ն ու Վրաստան: Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքով առաջատար երկրները, ըստ հարցման արդյունքների, Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանն են:

Հարցվածների մոտ 29 տոկոսը համարում է, որ Հայաստանում պետք է տեղակայված լինեն ֆրանսիական զորքեր, 19 տոկոսը՝ ռուսական զորքեր, մոտ 13 տոկոսը՝ ամերիկյան զորքեր: Հարցվածների 33 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանում պետք է լինեն միայն հայկական զորքեր:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դերը դրական է համարում հարցվածների 45 տոկոսը, բացասական՝ 11 տոկոսը: Միաժամանակ, հարցվածների միայն 21 տոկոսն է դրական համարում ՀԱՊԿ-ի դերը Հայաստանում, բացասական՝ 33 տոկոսը: Միևնույն ժամանակ, սակայն, հարցվածների միայն շուրջ 57 տոկոսն է կողմ ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալուն, դեմ են 43 տոկոսը:

Ինչ վերաբերում է Արցախի կորստին, ապա հարցված քաղաքացիների կարծիքով՝ մեղավորությունը բաշխված է հավասարապես Արցախի իշխանությունների և Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների միջև: Հարցվածների միայն 25 տոկոսն է մատնանշել աշխարհքաղաքական ընդհանուր վիճակի փոփոխությունը՝ որպես Արցախի կորստի պատճառ:

Մեդիա

Ի տարբերություն արտաքին քաղաքականության, մեդիայի և մեդիայի սպառման տվյալներում, 2019 թվականի ուսումնասիրության հետ համեմատած, էական շրջադարձեր տեղի չեն ունեցել:

Կարելի է արձանագրել համացանցի՝ որպես տեղեկատվություն ստանալու աղբյուր կշռի մեծացումը՝ հեռուստատեսության համեմատ:

Մեծացել է մեդիագրագիտության, տեղեկությունների հավաստիության ստուգման, տեղեկությունների գրագետ սպառման ու տարածման համաթիվը, նվազել է մեդիագրագիտության համաթիվը տեղեկությունների որոնման ունակության մակարդակի մասով:

Ամենապոպուլյար ու հեղինակավոր հեռուստաընկերություններն են, ինչպես և 2019 թվականին, «Արմենիան», «Շանթը» և Հանրային հեռուստաընկերությունը: Ամենանախընտրելի հեռուստաընկերությունների 5-րդ և 8-րդ հորիզոնականներում են ռուսական պետական հեռուստաալիքները։

Ամենավստահելի ռադիոալիքն ու համացանցային տեղեկատվական կայքը «Ազատություն» ռադիոկայանն է:

Սոցիալական ցանցերից հարցման մասնակիցները նախապատվություն են տալիս Ֆեյսբուքին, Յութուբին, Տելեգրամին և Ինստագրամին, իսկ Տիկ-տոկը համարում են անվստահելի աղբյուր՝ տեղեկատվություն ստանալու համար: Ընդ որում, հարցվածների շուրջ 23 տոկոսը համացանցում քննարկում է ներքին ու արտաքին քաղաքական հարցեր, այնինչ սոցիալ-տնտեսական հարցերը համացանցում քննարկում է մոտ 14 տոկոսը:

Հետազոտությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ: Հետազոտության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առնչվող