Ամենամեծ վտանգը ընտրությունների ապալեգիտիմացումն է․ Իոաննիսյանի ելույթները Եվրոպական խորհրդարանում

Ապրիլի 21-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացվող «Հիբրիդային սպառնալիքները և ապատեղեկատվությունը․ քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ընտրություններում» խորագրով միջոցառման ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթներով՝ անդրադառնալով Հայաստանի ընտրական գործընթացների նկատմամբ արտաքին միջամտություններին, ապատեղեկատվական արշավներին և հիբրիդային սպառնալիքներին։ Իր ելույթներում նա ներկայացրել է ինչպես առկա հիմնական ռիսկերը և դրանց դրսևորման մեխանիզմները, այնպես էլ տեղեկատվական միջավայրում գործող ազդեցությունների ձևերը և քաղաքացիական հասարակության կողմից կիրառվող հակազդման գործիքները։

Դանիել Իոաննիսյանի ելույթների տեքստերը հայերեն թարգմանությամբ՝ ստորև։

Ելույթ 1

«Շնորհակալություն,

Եվրոպական խորհրդարանի հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ հյուրեր, ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել։ Պետք է նշեմ, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների հիմնական սպառնալիքը մեկ բառով Ռուսաստանն է։ Մասնավորապես, կան բազմաթիվ եղանակներ, որոնցով Ռուսաստանը փորձում է միջամտել կամ արդեն իսկ միջամտում է Հայաստանի ընտրություններին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) միջոցով։ Այսինքն՝ Հայաստանի մեդիա դաշտում  Ռուսաստանն իրականացնում է տեղեկատվական մանիպուլյացիաներ։ Ռուսաստանը Հայաստանում ունի իր կողմից վերահսկվող քաղաքական դերակատարներ, որոնք բավական լավ ֆինանսավորվում են և իրականացնում են բազմաթիվ ապօրինի գործողություններ, այդ թվում՝ ընտրակաշառքներ բաժանելը, որոնք նկատելի են ընտրություններից դեռևս մի քանի ամիս առաջ։

Մեկ այլ գործիք է այն, որ Ռուսաստանն ընտրություններին մասնակցելու համար Հայաստան է ուղարկում ընտրողների կամ հայկական անձնագրեր ունեցող անձանց։ Սա հիմնականում իրականացվում է Ռուսաստանում գործող հայ գործարարների միջոցով։ Ռուսաստանի ԱԴԾ-ն և իրավապահ մարմինները նրանց ստիպում են իրենց աշխատակիցներին ուղարկել Հայաստան՝ քվեարկելու ռուսամետ քաղաքական ուժերի օգտին, հակառակ դեպքում այդ գործարարներին ներկայացվում են բազմաթիվ սպառնալիքներ։ Կան նաև ազդեցության բազմաթիվ այլ լծակներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է կամ կարող է օգտագործել, սակայն դրանց այժմ չեմ անդրադառնա։ Փոխարենը՝ կցանկանայի անդրադառնալ այն նարատիվներին, որոնք Ռուսաստանը փորձում է տարածել Հայաստանում։

Առաջինը՝ ստեղծել տպավորություն, թե բոլորը հավասարապես կոռումպացված են՝ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաները։ Այսինքն՝ չկա չկոռումպացված կամ ավելի քիչ կոռումպացված անձ։ Բոլորը կոռումպացված են։

Երկրորդը՝ ստեղծել տպավորություն, թե Հայաստանում չի տիրում ժողովրդավարություն։ Այո, պետք է պարզ ասել՝ Հայաստանի ժողովրդավարության մակարդակը շատ բարձր չէ, և մենք նույնպես գոհ չենք այդ մակարդակից, սակայն մենք ունենք ժողովրդավարություն և բազմաթիվ ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք տարածաշրջանի այլ երկրներ չունեն։ Այդուհանդերձ, Ռուսաստանը փորձում է ստեղծել տպավորություն, թե մենք չունենք ժողովրդավարություն, երբեմն էլ անգամ՝ որ դրա մակարդակն ավելի ցածր է, քան Ռուսաստանում։

Մեկ այլ նարատիվ է այն, որ Հայաստանը չի կարող անկախանալ Ռուսաստանից, թե բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, և որ այլընտրանք չկա։ Այս նարատիվի շրջանակում փորձում են նաև ցույց տալ, թե Ռուսաստանը դեռ շատ ուժեղ է, որ ռուսական բանակը հաջողություններ է գրանցում Ուկրաինայում, որ նույնիսկ ամբողջությամբ չի ներգրավվել պատերազմում, և եթե ներգրավվեր, օրինակ՝ երեք օրում կամ երեք շաբաթում կգրավեր Կիևը։

Փորձ է արվում նաև ներկայացնել, թե վերջին տարիների մեր խնդիրները պայմանավորված են նրանով, որ մենք բավարար լավ հարաբերություններ չենք ունեցել Ռուսաստանի կամ ռուսական իշխանությունների հետ։ Միաժամանակ մանիպուլացվում են առևտրի ցւոցնիշները՝ ստեղծելով տպավորություն, թե առանց Ռուսաստանի չենք կարող իրագործել շատ բաներ, օրինակ՝ կառուցել նոր ատոմակայան, արտահանել ապրանքներ, եթե Ռուսաստանը փակի իր շուկաները և այլն։

Մեկ այլ կարևոր նարատիվ է խաղաղամերժ նարատիվը։ Այն բաժանվում է մի քանի ուղղությունների։ Մեկը՝ գաղափարական խաղաղամերժ նարատիվն է․ ինչպե՞ս կարող ենք խաղաղ գոյակցել Ադրբեջանի հետ, եթե Ադրբեջանը մեզ այդքան վնաս է հասցրել, սա պատմական հարց է, և մենք պետք է հավերժ կռվենք նրանց դեմ, մեր թոռները՝ նույնպես։ Այս համատեքստում հնչում են նաև կոչեր՝ «վերադարձնել Լեռնային Ղարաբաղը», երբեմն նույնիսկ՝ «վերադարձնել պատմական Հայաստանի տարածքները Թուրքիայից»։

Մյուս ուղղությունը սահմանների բացման և առևտրի դեմ է՝ ստեղծելով տպավորություն, թե հարևանների հետ առևտուրը վտանգավոր և վնասակար է։ Միաժամանակ փորձ է արվում ներկայացնել, թե խաղաղությունը նշանակում է միմյանց սիրել, և երբ Ադրբեջանից հնչում են ոչ բարեկամական հայտարարություններ (ինչը հաճախ է լինում), դա օգտագործվում է պնդելու, թե «տեսեք, խաղաղությունն անհնարին է»։

Մեկ այլ ուղղություն է ապահովության բացակայության տպավորության ստեղծումը։ Եթե նախկինում շեշտը դրվում էր արտաքին սպառնալիքների վրա, ապա  հիմա ավելի շատ ներքին անվտանգությունն է քննարկվում։ Իրականում արդեն ավելի քան երկու տարի է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սպանություններ չեն գրանցվել, ինչը մեծ ձեռքբերում է, սակայն նարատիվները տեղափոխվել են ներքին դաշտ։ Եթե Երևանի փողոցում մարդկանց հարցնեք, թե որքան հաճախ են սպանություններ տեղի ունենում, շատերը կասեն՝ ամեն օր։ Մինչդեռ իրականում միջինում շաբաթը մեկ անգամ է նման դեպք գրանցվում, և այս ցուցանիշը վերջին 15 տարիներին չի փոխվել։

Ավանդական արժեքների թեման նույնպես շատ է արծարծվում։ Ռուսաստանը հաճախ է այս նարատիվն օգտագործում տարբեր երկրներում, և Հայաստանը ևս բացառություն չէ։ Այնուհանդերձ, վերջին շրջանում իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների միջև բախումները հանգեցրել են նրան, որ իշխող ուժը մասամբ զբաղեցրել է այս դաշտը։ Իշխանությունները շեշտում են, որ որոշ հոգևորականներ չեն պահպանում հոգևորական կարգը՝ միաժամանակ հատելով որոշ կարմիր գծեր, օրինակ՝ հրապարակելով անձնական տվյալներ, ինչն իհարկե անընդունելի է։ Այնուամենայնիվ, այս թեման մասամբ դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության դաշտից։

Եվ վերջում՝ ամենամեծ և մոտալուտ վտանգ ներկայացնող ուղղությունն ընտրությունների ապալեգիտիմացումն է։ Անցած տարվա տեղական ընտրությունների ժամանակ Հայաստանի երկրորդ և չորրորդ խոշոր քաղաքներում ականատես եղանք, թե ինչպես են ռուսամետ շրջանակներն ակտիվորեն փորձում ստեղծել  տպավորություն, թե ընտրությունները կեղծվել են՝ խոսելով քվեաթերթիկների լցոնման և կոպիտ ընտրախախտումների մասին, մինչդեռ իրականում վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 2015 թվականին։ Նույնիսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք լիարժեք ժողովրդավարական չէին, քվեաթերթիկների լցոնում չի արձանագրվել։

Այսինքն՝ արդեն ավելի քան 10 տարի է նման դեպքեր տեղի չեն ունեցել, սակայն փորձ է արվում ստեղծել հակառակ տպավորություն։ Մենք փորձում ենք բացատրել, որ սա իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանում ընտրական հանձնաժողովների անդամների կեսը ընդդիմության ներկայացուցիչներ են, տեղամասերում կան տեսախցիկներ, և կան բազմաթիվ մեխանիզմներ ձայները պաշտպանելու համար, որոնք տարածաշրջանի այլ երկրներում չկան։

Օրինակ՝ Հայաստանում հրապարակվում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները, որպեսզի հնարավոր լինի տեսնել՝ տվյալ անձը մասնակցել է քվեարկությանը, թե ոչ։ Սա հակասում է որոշ միջազգային կառույցների հանձնարարականներին, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովը, սակայն կիրառվում է առավել թափանցիկ ընտրություններ ապահովելու համար։

Կարծում եմ՝ մի փոքր երկար խոսեցի։ Շնորհակալություն ուշադրության համար»։

 

Ելույթ 2

«Շնորհակալություն։

Պետք է նշեմ, շարունակելով Լուսինեի միտքը, որ գուցե տարօրինակ հնչի, բայց Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնց կարծիքով ՀԿ-ների դերն ընդդիմադիր լինելն է։ Ավելին՝ կան ՀԿ-ներ և լրատվամիջոցներ, որոնք, իրականացնելով հիբրիդային սպառնալիքների դեմ ուղղված ծրագրեր, իրականում տարածում են նույն այդ նարատիվները՝ կա՛մ ռուսական նարատիվներ, կա՛մ այն պնդումները, թե Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումներ ընդհանրապես չկան։ Մենք նման դեպքեր տեսել ենք, և այդ նախաձեռնություններից շատերը ֆինանսավորվում են ԵՄ կողմից, բայց դա այլ քննարկման հարց է։

Ինչ վերաբերում է Հայաստանի մեդիա միջավայրին, ապա հարկ է նշել, որ Հայաստանը փոքր երկիր է և ոչ հարուստ, թեպետ նաև՝ ոչ աղքատ։ Այս պայմաններում անկախ լրագրություն ապահովելը չափազանց դժվար է, քանի որ չկա կայուն շուկա։ Արդյունքում՝ ԶԼՄ-ները հենվում են արտաքին ֆինանսավորման վրա, այդ թվում՝ անկախ լրագրությանն աջակցող դոնորների կողմից, սակայն հաճախ նաև՝ ոչ այնքան բարի մտադրություններով դերակատարների կողմից։

Անկախ լրատվամիջոցները շատ քիչ են, և մեդիա դաշտը, ցավոք, խիստ բևեռացված է։ Միևնույն ժամանակ Հայաստանում դեռևս հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներ, ինչը լուրջ խնդիր է։ Թեև լրատվական ծրագրերի մեծ մասն ամբողջությամբ չի հեռարձակվում, սակայն այս խնդիրը շարունակում է մնալ արդիական։ Կառավարությանն ուղղված մեր հիմնական պահանջներից մեկը ռուսական պետական հեռուստաալիքների հեռարձակման լիարժեք դադարեցումն է։

Ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի կամ Բալթյան որոշ երկրների՝ Հայաստանում ռուսերենը լայն տարածում չունի։ Բնակչության մոտավորապես 98%-ի մայրենի լեզուն հայերենն է։ Թեև շատերը խոսում են ռուսերեն, սակայն միայն մոտ 1-2%-ն է լեզվակիր, ինչը բավական լավ ցուցանիշ է՝ ի համեմատ որոշ այլ երկրների։

Մենք միջոցներ ենք ձեռնարկում հանրությանն այս ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ, ինչպես արդեն նշեցին նաև մյուս բանախոսները։ Մեր հիմնական գործիքներից մեկը փաստերի ստուգումն է, թեև դրա ազդեցությունը սահմանափակ է։ Մենք նաև մշտադիտարկում ենք բողոքի ցույցերը և կատարում ենք մասնակիցների հաշվարկ՝ կանխելու ներկաների քանակին առնչվող մանիպուլյացիաները։ Հայաստանում նման մանիպուլյացիաները նվազ արդյունավետ են, քանի որ մենք այս հաշվարկներն իրականացնում ենք արդեն ավելի քան ութ տարի, և մեր տվյալները վայելում են հանրության լայն շրջանակների վստահությունը; Մենք մասնակիցներին հաշվում ենք մեկ առ մեկ և հրապարակում ստուգելի ապացույցներ։

Բացի այդ, իրականացնում ենք թիրախային իրազեկման արշավներ տարբեր թեմաների շուրջ, հատկապես՝ արտաքին քաղաքականության և ընտրությունների։ Մենք փորձում ենք բացատրել ընտրախախտումների և ընտրակեղծիքների միջև տարբերությունը, քանի որ դրանք նույնը չեն, և կարևոր է, որ հասարակությունը դա հասկանա։ Օրինակ՝ եթե դիտորդն ընտրատեղամաս է մուտք գործում առանց վկայականի, ապա դա ոչ թե ընտրակեղծարարություն է, այլ ընտրախախտում։ Սրանք տարբեր երևույթներ են։

Մենք նաև բացատրում ենք ընտրական կարգավորումները։ Փորձում ենք պատասխանել նաև «ինչո՞ւ» հարցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանն անում այս կամ այն քայլը։ Թեև հնարավոր չէ կանխատեսել ամեն ինչ, սակայն որոշ օրինաչափություններ՝ օրինակ կիբերհարձակումներ կամ կեղծ ահազանգեր, մենք արդեն տեսել ենք թե՛ Մոլդովայում, թե՛ Հայաստանում։ Ուստի, փորձում ենք բացատրել Ռուսաստանի գործողությունների տրամաբանությունը, շարժառիթներն ու ազդեցությունը, ինչպես նաև դրանց տեսակները, որպեսզի երբ Ռուսաստանը մեզ «անակնկալ» մատուցի, կարողանանք հեշտորեն բացատրել հանրությանը, թե ինչ տեղի ունեցավ և ինչու։ Սա հակիրճ այն մասին, թե ինչպես ենք մենք և մեր գործընկերները փորձում հակազդել այս սպառնալիքներին։

Ամփոփելով՝ ինչ վերաբերում է ընտրությունների դիտարկմանը, վերջերս այն, կարծես, վերածվել է փաստերի ստուգման առաքելության։ Մենք ավելի շատ ստացել ենք ընտրախախտումների մասին կեղծ ահազանգեր, քան իրական խախտումների հաղորդումներ։ Սա առաջին անգամն է իմ 19 տարվա փորձի ընթացքում, որ նման իրավիճակի ենք բախվում։

Շնորհակալություն»։

 

Ելույթ 3

«Շնորհակալություն,

Անկեղծ ասած, երբեմն դժվար է խաղաղություն կառուցել մի երկրի հետ, որը հեռու է ժողովրդավարությունից և իր իշխանությունը հիմնավորում է հակահայկական հռետորաբանությամբ։ Բայց դա այլ թեմա է։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մասնակցությանը ընտրություններին, ապա նրանք, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, կկարողանան մասնակցել։ Միգրացիոն ծառայությունը փորձում է հնարավորինս արագ ապահովել քաղաքացիության տրամադրումը։ Նույնիսկ խոստացվել է մինչև ապրիլի կեսը դիմած անձանց ընտրություններից առաջ տալ քաղաքացիություն, որպեսզի վերջիններս կարողանան քվեարկել։

Հայաստանում տարածվող նարատիվները երբեմն հասնում են ծայրահեղության։ «Զավեշտալի» բնորոշումը թերևս ամենադիպուկն է։ Օրինակ՝ երբ թերթի խմբագիրը Հայաստանի կառավարությանը համեմատում է Կամբոջայում Պոլ Պոտի ռեժիմի հետ միայն այն պատճառով, որ կրծքով կերակրող կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ  առանց կալանքի կիրառման, արդեն շատ խոսուն վկայություն է հանրային դիսկուրսի ծայրահեղության մասին։ Խոսքը մի ռեժիմի մասին է, որը միլիոնավոր մարդկանց է սպանել, և նման համեմատությունները ցույց են տալիս այս նարատիվների մաստշաբները։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա բարեփոխումները բավականին դանդաղ են ընթանում։ Քաղաքացիական հասարակությունը ակտիվ ներգրավված է այս գործընթացում և ունի իրական ազդեցություն։ Երևանի փողոցներում պարեկություն իրականացնող գրեթե բոլոր ոստիկանները անցել են հարցազրույցներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ։ Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատակիցները նույնպես անցել են նմանատիպ ընտրման գործընթացներ, որոնցում ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Քաղաքացիական հասարակությունը նաև վճռորոշ դեր է ունեցել բարձրաստիճան պաշտոններում նշանակումների հարցում։ Մոտ մեկ տարի առաջ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հաջողվեց կասեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուի հաստատումը, չնայած որ նա վայելում էր վարչապետի աջակցությունը և միակ առաջադրված թեկնածուն էր։ Սա իրականացվել է հանձնաժողովում պաշտոնական քվեարկության միջոցով։

Չնայած այս ներգրավվածությանը՝ բարեփոխումները շարունակում են դանդաղ իրականացվել, և առկա են բազմաթիվ բացեր։ Օրինակ՝ զանգվածային միջոցառումների վերահսկման առումով ոստիկանության կարողությունները դեռ զարգացման փուլում են։ Իրականացվում են վերապատրաստումներ՝ արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիներին պատճառվող վնասը նվազեցնելու նպատակով, սակայն առաջընթացը սահմանափակ է։ Կան դեպքեր, երբ իրավապահները դժվարանում են արդյունավետորեն իրականացնել ձերբակալություններ, նույնիսկ երբ դիմադրող անձինք առանձնապես ուժեղ չեն։ Սա խնդիր է։

Միջգերատեսչական համագործակցությունը ևս խնդիր է։ Թեև սա գլոբալ բնույթի հարց է, Հայաստանում հաճախ կառույցները գործում են իրարից անջատ, և համակարգումը միշտ չէ, որ արդյունավետ է։

Ինչ վերաբերում է հետախուզական ծառայություններին, ապա, անկեղծ ասած, տեղեկատվությունը շատ սահմանափակ է։ Հատկապես նորաստեղծ Արտաքին հետախուզական ծառայության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, ինչը թույլ չի տալիս գնահատականներ տալ։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի բարեփոխումների է ենթարկվել, սակայն այն դեռևս խորհրդային տարիներից ժառանգված համակարգ է։

Արդյունքում՝ այս կառույցների արդյունավետությունը նշված սպառնալիքների դեմ պայքարում, ցավոք, խիստ սահմանափակ է։

Շնորհակալություն»։

Առնչվող