Փաշինյանի գործընկերները. ովքեր են այցելում ՀՀ, ում հետ է դրսում հանդիպում ՀՀ վարչապետը

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և ամբողջ տարածաշրջանը հայտնվեցին նոր աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք զգալիորեն ազդեցին երկրի արտաքին քաղաքականության ուղղությունների վրա:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ծավալվեց Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա զինված հարձակումների, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման պայմաններում: Չնայած այս վայրիվերումներին, այդ գործընթացը որոշակի առանցքային հանգրվանի հաջողվեց հասցնել 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ ԱՄՆ-ում նախաստորագրվեց Խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվեց եռակողմ հռչակագիր՝ ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Հայաստանի համար այժմ առաջնահերթ է դարձել տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը, սահմանների պահպանությունը, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել Հայաստանի՝ հավասարակշռված ու բազմակողմ արտաքին քաղաքականության վրա՝ ստիպելով ակտիվացնել բարձր մակարդակի շփումները, փոխայցերը և երկխոսության մեխանիզմները թե՛անմիջական հարևանների, թե՛ այլ տարածաշրջանների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ի մի էր բերել 44-օրյա պատերազմից մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ-ի բարձրաստիճան և պաշտոնական պատվիրակությունների այցերը։

Այս հոդվածում կամփոփենք 2022 թվականից առ այս պահը՝ 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ տեղի ունեցած բարձրաստիճան և միջազգային պատվիրակությունների այցերը։ Ինչպես նաև ի մի կբերենք ՀՀ վարչապետի՝ արտասահմանյան այցերի ու տարբեր միջազգային ձևաչափերի շրջանակում երկրների ղեկավարների հետ հանդիպումները։

Որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվել են ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի և այլ պաշտոնական կայքերը`այն նկատառմամբ, որ նշված ժամանակահատվածում Հայաստան կատարված բոլոր նշանավոր այցերի դեպքում եղել է հանդիպում վարչապետի հետ:

Ո՞ր երկրների ու կառույցների պատվիրակություններն են ամենից շատ այցելել

Այսպես, վերջին ավելի քան 4 տարում բարձրաստիճան ու միջազգային պաշտոնական պատվիրակությունների Հայաստան այցերի ընդհանուր թիվ կազմել է մոտ 250։

Ամենից շատ պատվիրակություններ Հայաստանն ընդունել է Եվրոպական միության կառույցներից և անդամ երկրներից՝ 84 այց, 2-րդ տեղում տարատեսական միջազգային կառույցների (ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) պատվիրակություններն են՝ 40 այց։ Պաշտոնական պատվիրակությունների այցերով հաջորդը Հայաստանի անմիջական հարևաններն են՝ 38 այց, ապա հաջորդում է Հյուսիսային Ամերիկան (ԱՄՆ ու Կանադան)՝ 33 այց։

Այցերի թվով 5-յակը եզրափակում են ԵԱՏՄ-ն և կառույցի անդամ երկրները՝ 28 այց, հաջորդում են Մերձավոր Արևելքի ու Հեռավոր Ասիայի երկրները՝ 10 այց, Մեծ Բրիտանիայից պատվիրակությունների այցերի թիվը կազմել է 7։

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ամփոփված են 2022-2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ միջազգային բարձրաստիճան պատվիրակությունների այցերը՝ ըստ տարածաշրջանների։

Բարձրաստիճան այցեր. ՀՀ եկած առաջնորդներ, օրենսդիր մարմինների ղեկավարներ

Նախորդ 4 տարում տարբեր երկրների առաջնորդների, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների մի քանի տասնյակ այցեր են եղել։ Մասնավորապես ՀՀ են այցելել Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մոնտենեգրոյի, Սլովակիայի, Լեհաստանի, Բելառուսի, Իրաքի, Եգիպտոսի նախագահները ու վարչապետերը․ 2026 թվականին պաշտոնական այցով ՀՀ-ում եղավ նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նշենք, որ Վրաստանի առաջնորդները նախորդ 4 տարում պաշտոնական և աշխատանքային մոտ մեկ տասնյակ այց են կատարել ՀՀ։ Հայաստան են այցելել նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների ղեկավարներ․ նրանց թվում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին,  Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Այս տարիներին ՀՀ են այցելել նաև Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի, Սլովենիայի, Ղրղզստանի, Ուրուգվայի, Վիետնամի օրենսդիր մարմինների ղեկավարները։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ամենամեծ ուշադրությունը Հայաստանի և մեր տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերվել է Եվրոպական միության և անդամ երկրների կողմից, ՀՀ-ում այցեր են եղել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի երկրների կողմից, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան։

Հատկանշական է, որ այս այցերի համեմատ՝ նշված ժամանակահատվածում ԵԱՏՄ տարածաշրջանից այցերը էապես քիչ են եղել։

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են երկրները, որոնց առաջնորդները, գործադիր կամ օրենսդիր մարմինների ղեկավարները այցելել են նախորդ 4 տարում։

Ում հետ է ամենից հաճախ հանդիպել ՀՀ վարչապետը

2022 թվականից առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտերկրյա այցերի ընթացքում՝ պաշտոնական, աշխատանքային և միջազգային այլ ձևաչափերի շրջանակում, մի քանի տասնյակ երկրների առաջնորդների հետ մոտ 140 հանդիպում է ունեցել։ Մենք ի մի ենք բերել երկրների առաջնորդներին, որոնց հետ Փաշինյանը նախորդ հինգ տարում ամենից շատ է հանդիպել իր արտերկրյա այցերի շրջանակում։

Այսպես, Փաշինյանը 16 անգամ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, 14 անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երրորդ տեղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, որի հետ Փաշինյանը հանդիպել է 13 անգամ՝ տարբեր, այդ թվում՝ եռակողմ ձևաչափերում։ Արտերկրյա այցերի ընթացքում Փաշինյանը 11 անգամ հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ, 7 անգամ հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ, 6 անգամ՝ Իրանի նախագահի և հոգևոր առաջնորդի հետ։

5 անգամ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ և 4 անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նանե Մանասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

 

Առնչվող