- 2 Օգոստոսի, 2024
- Արտաքին քաղաքականություն, Ռազմական համագործակցություն

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի
Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը օգոստոսի 1-ից հեռացել են «Զվարթնոց» օդանավակայանից և այնտեղ այլևս ծառայություն չեն իրականացնի։ Հուլիսի 31-ին օդանավակայանում հրաժեշտի հանդիսավոր արարաողություն է տեղի ունեցել, և հայ սահմանապահները շնորհակալություն են հայտնել 32 տարվա ծառայության համար ու հրաժեշտ տվել նրանց։
Օգոստոսի 1-ից օդանավակայանում սահմանային հսկողությունն ամբողջությամբ անցել է հայկական սահմանապահ զորքերի տնօրինությանը։
Ռուսաստանյան սահմանապահների հեռանալու մասին խոսակցությունները այս տարվա ապրիլի 20-ին կայացած ասուլիսում հաստատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնելով, թե Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։ «Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ-ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։ Սա է ամբողջ նամակը»,- ասել էր Փաշինյանը։
ՌԴ սահմանապահները՝ Հայաստանում
ՀՀ պետական սահմանի պահպանությունն իրականացնում են 3 տարբեր գերատեսչություններ` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը (հիմնականում՝ Վրաստանի հետ սահմանին), Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ/ФСБ) սահմանապահ վարչությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը (վերջինս՝ Ադրբեջանի հետ սահմանի մեծ մասը):
Ռուսաստանի սահմանապահները Հայաստանում են արդեն շուրջ 32 տարի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի հիման վրա։ Այս պայմանագրով, ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) Սահմանապահ վարչության սահմանապահները իրականացնում են Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ պետական սահմանի պաhպանությունը։ Բացի այդ, Մեղրիի «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն է իրականացնում ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը: Հայ սահմանապահների հետ միասին ռուսական ներկայություն եղել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում։
Միաժամանակ, 1992-ի փետրվարին Հայաստանում ստեղծվել էին Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը` ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում։ 1993-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՊՆ սահմանապահ զորքերի վարչությունը տեղափոխվել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության ենթակայության ներքո և հետագայում վերանվանվել` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր։
1994-ի ապրիլի 26-ին ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն Խորհուրդը, առաջին անգամ ընդունել է օրենք «ՀՀ պետական սահմանի մասին», այնուհետև 2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել է «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքը: Հայաստանում ապրիլի 26-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանապահի օր։
Եվ թեպետ հայկական սահմանապահ զորքերի գոյությանն ու ակտիվ գործունեությանը, ՌԴ սահմանապահները շարունակում են ծառայությունը Հայաստանում։
Ռուս սահմանապահների ապօրինությունների մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում բազմիցս է բարձրաձայնել ռուս սահմանապահների անօրիանական գործունեության, հայ-ռուսական պայմանագրի խախտմամբ ծառայության իրականացման մասին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, օրինակ, մեկնող և ժամանող քաղաքացիների անձանգրային ստուգումները հաճախ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սահմանապահների փոխարեն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ/ФСБ) սահմանապահները:
Դեռևս 2015 թվականին ԻՔՄ-ն խնդրահարույց էր համարել օտարերկրացիների կողմից մարդկանց անձնական տվյալների ստուգումը ու համապատասխան գործընթաց սկսել։ Մասնավորապես, հարցմամբ դիմել էր ԱԱԾ, որտեղից պատասխանել էին, որ ՌԴ ԴԱԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ և ՌԴ միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով:
Մինչդեռ, ԻՔՄ-ն ստուգել էր ու պարզել, որ չկա այնպիսի մի դրույթ, որը Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին իրավունք կտար որևէ ծառայություն իրականացնել Հայաստանի որևէ օդանավակայանում: Փոխարենը, պայմանագրի 3-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների և այլ աղետների վերացման աշխատանքների) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:
Ավելին, նույն պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն, «Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը սահմանն անցնելու կանոնակարգերը սահմանող օրենսդրական գործող ակտերին համապատասխան մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի վրա գտնվող անցումային կետերով»: Այսինքն՝ խոսքը բացառապես Թուրքիայի և Իրանի սահմանների անցակետերի մասին և որևէ բառ չկա օդանավակայաններում գործող անցակետերի մասին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահների գործունեությունը սակայն նրանց կողմից միջպետական պայմանագրերի ու Հայաստանի օրենսդրության խախտման միակ դրվագը չէ։ Օրինակ 1999-ին ռուսաստանցի երկու սահմանապահներ զինված դուրս են եկել Գյումրու փողոցներ և կրակահերթ էին արձակել պատահական անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 քաղաքացի զոհվել էր։
Առավել սահմռկեցուցիչ դեպք էլ տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին, երբ Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված զենքով ու սվին-դանակով մուտք էր գործել գյումրեցի Ավետիսյանների տուն, սվին-դանակով հանել մուտքի դռան ապակին ու բացել դուռը, հրազենից արձակած կրակոցով տեղում սպանել էր ընտանիքի 5 անդամին, հետո առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար տեսել անօգնական երեխաների հետ։ Երկու տարեկան աղջնակը տեղում մաhացել էր, իսկ վեց ամսական Սերյոժան` մեկ շաբաթ անց: Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտ Թուրքիայի հետ սահմանը հատելու փորձ կատարեիս ռուս սահմանապահները փախցրել էին դաժան սպանության համար որոնվող ռուս Պերմյակովին, մինչդեռ ըստ նույն պայմանագրի, սահմանը հատել փորձող հանցագործին նրանք պետք է ձերբակալելուց հետո փոխանցեին հայկական կողմին։
2013-ին Սյունիքում ռուս սահմանապահներին դուր չէր եկել, որ Հայաստանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իրենց նկարահանել էր ու այդ պատճառով էլ կոտրել են պատգամավորի տեսախցիկը։ Ռուս սահմանապահները այդ արարաքի համար չեն ենթարկվել որևէ պատասխանատվության։
2015-ի վերջին ռուս սահմանապահները իրենց իրավունք էին վերապահել մտնել Իրաքից պատերազմի հետևանքով Հայաստան փախած ու Արմավիրի մարզի Արաքս գյուղում օրինական բնակություն հաստատած եզդի փախստականների տուն ու հավաքել նրանց անձնագրերը։
2016-ին պրոռուսական քարոզչական խմբերի ձեռքում էին հայտնվել Հայաստանի սահմանային անցակետերում որոշ քաղաքացիների սքանավորված անձնագրերի լուսանկարները։ Ավելի ուշ լրագրողական հետաքննությունը պարզել էր, որ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքը հենց ռուս սահմանապահներն էին իրականացրել։
2017-ի հունվարին ռուս սահմանապահները որոշել էին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչներին թույլ չտալ մոտենալ ու վերանորոգել Արաքս գետի մոտակայքում գտնվող պոմպակայանը, ինչի արդյունքում գյուղը 20 օր մնացել էր առանց ջրի։
2020-ի 44-օրյա պատերազմից հետո ռուսները մետաստազի նման տարածվել էին Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, սակայն նրանց շարքերը այս տարվա սկզբից աստիճանաբար նոսրանում են։ Ռուսները ծառայությունը կշարունակեն միայն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։
Բացի թույլ տված ապօրինությունները և խախտումները, ԻՔՄ-ն, ուսումնասիրելով ռուս սահմանապահների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագիրը, պարզել էր նաև, որ դրանով նախատեսված մի շարք միջոցառումներ ու գործողություններ այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Դրանցից ամենաակնառուն, թերևս, պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործողությունն է, ըստ որի ՀՀ-ն, սեփական սահմանապահ կառուցվածքների ստեղծմանը համընթաց, պետք է իր պահպանության տակ վերցներ իր արևմտյան ու հարավային սահմանների վերահսկողությունը։
Սակայն վերոհիշյալ պայմանագիրը կնքելուց 32 տարի անց էլ Իրանի և Թուրքիայի հետ սահմանի որևէ հատված չի անցել ՀՀ սահմանապահների պահպանության տակ։
Ռուսները ապօրինի հասանելիություն են ունեցել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին
ՀՀ պետական սահմանի «Մեղրի» և «Զվարթնոց» անցման կետերում սահմանային վերահսկողություն իրականացնելիս ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության զինծառայողները հասանելիություն են ունեցել ՀՀ ՍԷԿՏ համակարգին, ինչը ապօրինի է եղել։
ՍԷԿՏ (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ) համակարգը ՀՀ քաղաքացիների և ՀՀ պետական սահմանը հատող այլ անձանց անձնական տվյալներ է պարունակում
Բանն այն է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Մինչդեռ ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագիրը վավերացված միջազգային պայմանագիր չէ (չնայած նրան, որ թե՛ 1992 թ., թե՛ այժմ գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման)։ Ըստ այդմ՝ դրա հիման վրա ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ռուսական սահմանապահ զորքը չպետք է ունենար։ Օգտվելով ՍԷԿՏ-ին իրենց հասանելիությունից՝ ՌԴ ԴԱԾ ստորաբաժանումներն իրականացրել են մարդու առևանգում ՀՀ տարածքում, ինչը նաև նշանակում է, որ ՀՀ տարածքում գտնվող որևէ մեկն ապահովագրված չէր ՌԴ իրավապահների ապօրինի գործողություններից։
Հասմիկ Համբարձումյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»